Գտա այն մասնագիտությունը, որը դարձավ իմ կյանքի իմաստը․ ֆորմուլյատոր Ասյա Գրիգորյան

Երբ սկսեցի հետաքրքրվել կոսմետիկայի ֆորմուլացիայով, չէի կարող պատկերացնել, որ այս մասնագիտությունը 21 տարեկանից հետո դառնալու է իմ կյանքի իմաստը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «BBA ORGANIC» բնական կոսմետիկայի ընկերության հիմնադիր և ֆորմուլյատոր Ասյա Գրիգորյանը։

«Կոսմետիկայի ֆորմուլացիայով սկսել եմ զբաղվել դեռ այն տարիներին, երբ Հայաստանում էի ապրում, թեև զուգահեռ աշխատում էի որպես ինժեներ։ Եվ թե ինչու ինժեների գործը թողեցի և մուտք գործեցի կսոմետիկայի ոլորտ, պատճառը շատ պարզ է։ Ես ունեի ակնե և ոչ մի կերպ չէի կարողանում լուծել այդ խնդիրը։ Բայց եկավ մի պահ ու հասկացա, որ խնդիրը լուծելու համար պետք է հասկանամ, թե խնամքի միջոցները, որոնք առօրյայում օգտագործում եմ, ինչից են կազմված։ Հենց այսպես ես դարձա կոսմետիկայի ֆորմուլյատոր, գտա այս մասնագիտությունը, որը 21 տարեկանից հետո դարձավ իմ կյանքի իմաստը։ Բայց 4․5 տարի առաջ տեղափոխվեցի ԱՄՆ և իմ առջև դրված էր ընտրություն՝ կա՛մ աշխատել ինժեներ տեղի շուկայում, կա՛մ հիմնել սեփական ընկերություն։ Ընտրությունս ակնհայտ է։

ԱՄՆ տեղափոխվելուց մի քանի ամիս անց սկսվեց քովիդը, բայց ինչքան էլ որ ցավալի էր դրա ի հայտ գալը, այն ինձ համար ուներ առավելություն։ Ես փակված էի տանը և ամբողջ ժամանակս ու էներգիաս ուղղեցի ուսումնասիրություններին, թե ինչպես պետք է Կալիֆորնիայում տեղի կանոնններով ու օրենքներով հիմնել կոսմետիկայի արտադրության ու վաճառքի ընկերություն։ Ամենաառաջին դժվարությունն այն էր, որ գաղափար չունեինք ԱՄՆ-ում և առհասարակ որևէ երկրում բիզնես հիմնելու ձևերի մասին։ Չգիտեինք որտեղից սկսել, անընդհատ կարդում էինք, հետո իրավաբաններից էինք խորհրդատվություն ստանում, ծախսում էինք մեր ռեսուրսն ընդամենը հասկանալու, թե որտեղից է պետք սկսել»,- ասաց Գրիգորյանը։

Խոսելով այն մասին, թե ինչ դեր է ունեցել հայ համայնքը ընկերության զարգացման գործում, նա նշեց․

«Եթե չլիներ այստեղի հայկական համայնքն ու այն աջակցությունը, որ ես եմ ստացել նրանցից, չգիտեմ մեր ընկերությունն այս պահին կլիներ այն տեղում, որտեղ կա, թե ոչ։ Երբ սկսեցինք մեր գովազդային արշավները, ես ուղղակի զարմացա, երբ տեսա մեր հայ համայնքն ինչ արագությամբ սկսեց դրանք տարածել։ Համայնքն առանց գումարի, բանակցությունների ինձ աջակցում էր որպես հայ երիտասարդ կին ձեռներեց, ով Լոս Անջելեսում հիմնել է իր ընկերությունը։ Կիսվում էին իմ էջով, տեսանյութերով ու խորհուրդներով, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հիմա եթերում