Գյումրիի քաղաքապետարանում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ. հակակոռուպցիոն կոմիտե

20 Հոկտեմբերի 2025, 11:30

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Գյումրիի քաղաքապետարանում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։

Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ»: