Գյումրիում ՔՊ-ի և «Եվրադաշինքի» հետ չենք աշխատի, ընդհանուր եզրեր չունենք. Արտյոմ Ղարաղազարյան

21 Մարտի 2025, 19:55

Քաղաքականություն

Մարտի 30-ին Գյումրիում նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ: 9 ուժ է պայքարում Գյումրիում իշխանությունը վերցնելու համար, որոնցից մեկն էլ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի ընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը: Նա 2016-ից 2021 թթ. Գյումրու ավագանու անդամ է եղել:

Քաղաքի խնդիրներին լավատեղյակ Արտյոմ Ղարաղազարյանը նախընտրում է դրանք չդասակարգել, ասում է՝ անելիքները շատ են և ընտրություններին մասնակցող ուժերը պետք է հետևողականորեն լուծեն դրանք:

«Այն հարցերը, որոնք կարող են կարգավորվել Գյումրու համայնքապետարանի բյուջեի հաշվին, մենք շատ արագ ու էֆեկտիվ ծրագրերի միջոցով լուծելու ենք: Իսկ տնակների, փողոցների բարեկարգման հարցերը, որոնք բյուջեով իրագործվող չեն, մենք իրականացնելու ենք վարկերի և Կառավարությանը ճիշտ դիմելու ծրագրերի միջոցով: Մեզ համար կարևոր է, որ Գյումրու ծայրամասային թաղամասերի փողոցները բարեկարգվեն, խաղահրապարակներ ունենան: Մենք նաև խնդիր ունենք ծայրամասեր գնացող տրանսպորտի հետ, ժամը 19-ից, 20-ից հետո տրանսպորտ չկա: Ծայրամասում լուծված չէ նաև աղբահանության հարցը, երեկոյան ժամերին, եթե փորձես կուտակված աղբը թափել, հնարավոր է շների բաժին դառնաս: Կանաչապատման խնդիրը ևս շատ լուրջ է: Ես առաջարկում եմ նաև Գյումրու զբոսաշրջային գոտին ընդլայնել, աշխատելու ենք, որ տուրիստը Գյումրի գա ոչ թե մի քանի ժամով, այլ երկարաժամկետ, որպեսզի ֆինանսական մեծ շարժ լինի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Գյումրու համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը քարոզարշավի այս փուլում նախընտրում է կանխատեսում չանել ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ընտրություններին, իհարկե, մասնակցում են հաղթելու նպատակով, բայց չեն բացառում նաև ընդդիմության կարգավիճակում աշխատանքը:

«Եթե ժողովուրդը որոշեց մեզ տալ այն քվեն, որով մենք չենք հաղթի, ապա կան ուժեր, որոնց հետ մենք հետընտրական պրոցեսում կփորձենք բանակցել, միանալ, որպեսզի Գյումրու կառավարումը չհասնի իշխող ուժին, փոխարենը բոլորս միասին ստանձնենք մեր քաղաքը բարեկարգելու պարտականությունները: Իսկ եթե մենք կոալիցիա չկազմենք, ապա խնդիր չունենք ժողովրդի քվեն փոշիացնելու հետ, մենք կարող ենք աշխատել նաև որպես օպոզիցիա և քաղաքացիներին օգուտ տալ այդ կարգավիճակով: Ժողովուրդը մեզ ինչ քվե տվեց, մենք դրա տերն ենք ու պարտավոր ենք ծառայել քաղաքի շահերին»,-  նշեց Արտյոմ Ղարաղազարյանը:

Թե որ ուժերի հետ են պատրաստ միավորվել, «Դեմոկրատական այլընտրանքի» համայնքապետի թեկնածուն անուններ դեռ չի տալիս, առաջարկում է սպասել և տեսնել, թե ովքեր են անցնում ավագանու կազմ: Փոխարենը Արտյոմ Ղարաղազարյանը տալիս է այն ուժերի անունները, որոնց հետ կոալիցիան բացառում է:

«Արևմտամետների՝«Եվրադաշինքի» հետ չենք աշխատի, ընդհանուր եզրեր չունենք նաև իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ»,- շեշտեց նա:

Արտյոմ Ղարաղազարյանին անհանգստացնում է գյումրեցիների անտարբերությունը ընտրական պրոցեսներին: Նրա կարծիքով՝ ընտրություններին մասնակցությունը ցածր է լինելու:

«Պատճառն այն է, որ նախորդ տարիներին տրված խոստումները չեն իրականացվել: Մարդիկ անտարբեր են, խաբված են իրենց զգում: Ժողովուրդը պետք է մեզ վստահի, որ նոր գնա ընտրության, սա բարդ խնդիր է»,- նշեց Ղարաղազարյանը:

Գյումրու համայնքապետի թեկնածուն խոսեց նաև իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերի մասին։

«Ընտրություններից առաջ նախարարներ են գալիս, չգիտես՝ ինչ պատրվակով, սիրուն ծրագրեր են խոստանում, ինչը վարչական ռեսուրսի չարաշահում է: Քաղաքում այս պահին լույսերը քաշելու, փողոցները բարեկարգելու, աղբահանությունը արագ կազմակերպելու գործընթացներ են տեղի ունենում: Դա, իհարկե, իրենց պարտականությունն է, բայց նման գործերը պետք է կազմակերպվեին մինչև ընտրությունները և ոչ թե ընտրարշավի ժամանակ»,- հավելեց Արտյոմ Ղարաղազարյանը: