Գյումրիում ընտրական օրենսգրքի խախտումներն անհամեմատ քիչ էին. Արտակ Ավետիսյան
01 Ապրիլի 2025, 12:50
Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում Գյումրու ավագանի անցավ 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը:
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է անկախ փորձագետ Արտակ Ավետիսյանի հետ:
«Ինձ համար միակ հարցը, որ դեռևս օդում կախված է, ցուցակներում ավելացված անձանց հարցն է, որը դուրս է մնացել բոլորի ուշադրությունից: Ես կստուգեի և հետամուտ կլինեի՝ հասկանալու արդյոք ավելացվել են մարդիկ տարբեր հասցեներում, թե ոչ: Մենք լուրջ խախտման մեկ դեպք տեսանք, բայց մնացած դեպքերում խախտումներն աննշան էին, և որպես այդպիսին ընտրական օրենսգրքի խախտումներն անհամեմատ քիչ էին»,- նշել է Ավետիսյանը:
Խոսելով ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշի մասին՝ փորձագետն ասել է, որ ցուցակներում ընդգրկված մարդկանցից շատերը Հայաստանում չեն, խոսքն ընտրելու իրավունք ունեցող մարդկանց 30%-ի մասին է:
«Ի տարբերություն 2021թ-ի՝ այս ընտրություններում մասնակցության բարձր ակտիվությունը պայմանավորված էր կուսակցությունների թվով և այդ կուսակցությունները գլխավորող անձանցով: Մասնակցեցին այնքան, որքան գրեթե տրամաբանորեն առավելագույնը հնարավոր էր Գյումրիում ունենալ մասնակցություն»,- եզրափակել է Ավետիսյանը: