Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում

04 Հունիսի 2023, 20:00

Մշակույթ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 6-13-ը հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու թատրոնը Լիբանանում կներկայացնի երեք բեմադրություն՝ «Տունը սահմանին» քաղաքական սատիրան, «Փարիզը վտանգավոր քաղաք է» կատակերգությունը ու մանկական «Քեռի Քուչին»։ Հյուրախաղերի մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է խաղալ հինգ ներկայացում։

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է՝ հյուրախաղերի գերնպատակը Լիբանանում հայ համայնքի ու հայ մշակույթի կապը պահելն է։ 

«Երբ 2019 թվականին սկսեցինք համագործակցել Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատրոնի հետ, համագործակցությունը շատ ջերմ ստացվեց՝ նախ մենք մեկնեցինք Լիբանան, հետո իրենք եկան․ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Լիբանանի հայկական թատրոնի հետ համագործակցության արդյունքում թատերասերների դատին հանձնեց Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մաթևոս» բեմադրությունը, բեմադրիչ՝ Հակոբ Տեր-Ղուկասեան։

Այդ ժամանակ ցանկությունը մեծ էր կրկին հյուրախաղերի մեկնել Լիբանան, բայց Լիբանանի հայտնի դեպքերի, համաճարակի, ապա նաև 44-օրյա պատերազմի  պատճառով այդ հյուրախաղերը հետաձգվեցին։

Կապը այսպես երկար ժամանակ կտրվեց, հիմա որոշեցինք այն վերականգնել»,- «Արմենպրես»-ին նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով՝ հաճույքով են մեկնում Լիբանան՝ չնայած լիբանանյան ճգնաժամին ու դժվարություններին։

«Եթե առաջին հյուրախաղերի ողջ ծանրաբեռնվածությունը Լիբանանի թատրոնի վրա էր, հիմա մենք էլ մեր վրա վերցրեցինք որոշակի ծանրաբեռնվածություն։ Սկզբում մտածում էինք՝ հնարավոր չէ երեք ներկայացում, 15 դերասան, բայց ԿԳՄՍ նախարարությունը աջակցեց մեզ։

Շատ բարդ է մեր լիբանանահայ գործընկերների համար, բայց իրենք էլ ամեն անհնարինն անում են այս հյուրախաղերի կայացման համար»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը՝ նշելով, որ այս հյուրախաղերն անչափ սպասված են թատրոնի համար։

«Առաջին հյուրախաղերից հետո մենք սիրահարվեցինք Լիբանանին՝ մարդկանց՝ իրոք արվեստ սիրող ու գնահատող մարդիկ են»։