Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները հանդես են եկել տարեվերջյան համերգով
14 Հունիսի 2023, 00:05
Այսօր՝ հունիսի 13-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կայացել է Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանի սաների տարեվերջյան համերգը։
Միջոցառման ընթացքում աշակերտները հանդիսատեսին են ներկայացրել իրենց ստացած գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները։
«Համերգն ամենամյա բնույթ է կրում։ Ամեն տարի մեր բալիկներն իրենց սովորածն են ներկայացնում հանդիսատեսին։ Այս անգամ բեմ են բարձրացել 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները։
Տարվա ընթացքում աշխատել ենք ըստ պլանի։ Բարդ ստեղծագործությունների ուսուցանման դեպքում՝ աշակերտներից յուրաքանչյուրին անհատական մոտեցում ենք ցուցաբերում։ Եվ ամենամյա համերգների ծրագրում ընդգրկում ենք ստեղծագործություններն այն կոմպոզիտորների, որոնց համար տվյալ տարին հոբելյանական է լինում։
Դա հնարավորություն է տալիս, որպեսզի աշակերտներն ավելի լավ ճանաչեն կոմպոզիտորին ու նրա ստեղծագործությունները»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Է. Լալայանը։
Նա իրազեկել է, որ հունիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաների հաշվետու համերգը։