Գյուղատնտեսության նախարարությունը թթի վերամշակմամբ զբաղվող տնտեսություններին նոր առաջարկ ունի
19 Հունիսի 2023, 10:32
Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման ողջ ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով սատար է կանգնել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին՝ փորձելով մեղմացնել բլոկադայի բացասական ազդեցությունը տնտեսության այս ճյուղի վրա:
Այս մասին նշել են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից՝ հավելելով, որ մասնավորապես պետական պահուստում առկա վառելիքի սուղ պաշարների հաշվին տնտեսավարողները շրջափակման առաջին ամիսներին հնարավորություն են ունեցել իրականացնել գարնանացանի նախապատրաստական աշխատանքները:
Ամբողջությամբ անվճար վերջիններիս են տրամադրվել գարնանացան մշակաբույսերի սերմերը, բացառությամբ կարտոֆիլի և հաճարի, որոնց դիմաց հողօգտագործողները վճարել են սիմվոլիկ գումար: Վերջերս գյուղատնտեսության նախարարի՝ ոլորտի շրջանային պատասխանատուների, ԱՀ ԳԳԱՀ տնօրենի հետ ընդլայնաված խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բերքահավաքի աշխատանքներում ներգրավված կոմբայնների վարձավճարների 10 %-ով իջեցման վերաբերյալ՝ նախորդ տարի գործող գների համեմատությամբ:
Որոշում է կայացվել երաշտից տուժած աշնանացան ցանքատարածքները բերքահավաքից հետո փոցխել պետական միջոցների հաշվին՝ նախապատրաստելով դրանք 2024 թվականի ցանքսին, ինչը շոշափելի ծախսերից կազատի հողօգտագործողներին: Ներկայումս հանրապետությունում ընթանում են հացահատիկայինների, ջերմոցային տնտեսություններում բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև որոշ պտղատեսակների բերքահավաքը: Կառավարությունը հոգացել է հացահատիկայինների ցանքատարածքներում և այգիներում բերքահավաքի՝ հնարավորինս անվտանգ կազմակերպման մասին ևս:
Որոշում է կայացվել նաև աջակցել թթի արտադրանքի, մասնավորապես՝ բարձրորակ դոշաբի իրացման գործընթացին, նախապատվությունը տալով հատկապես տնային տնտեսություններում վերամշակված արտադրանքին: Պետությունը պատրաստ է գնել թթի բարձրորակ դոշաբը՝ վճարելով 1 լիտրի դիմաց 3000 դրամ:
Այսպիսով, թթի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին ընձեռնվում է բացառիկ հնարավորություն՝ շահավետ պայմաններով, պետության աջակցությամբ ու երաշխավորությամբ իրացնել սեփական արտադրանքը՝ զերծ մնալով մի շարք լրացուցիչ ծախսերից ու քաշքշուկից: