Գյուղն ամբողջովին շրջափակված է ադրբեջանական զորքերով. Վերին Շորժայի վարչական պատասխանատու
07 Օգոստոսի 2025, 16:30
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի վարչական պատասխանատու Աշոտ Մադոյանը Marz.news-ի հետ զրույցում խոսել է գյուղում առկա խնդիրների մասին:
«Գյուղում գրեթե բնակչություն չկա, ընդամենը 110 բնակիչ ունենք, և հիմնականում մեծահասակներ են: Դպրոց չունենք, տրանսպորտ չկա, ճանապարհների վիճակը շատ վատ էր, բայց վերջերս լավ փոփոխություններ են եղել, հիմա շատ լավն է»,- նշել է գյուղի վարչական պատասխանատուն:
Նրա խոսքով՝ գյուղն ամբողջովին շրջափակված է ադրբեջանական զորքերով:
«Անգամ գյուղում կանգնած մարդուն կարող են կրակել։ Մեր համայնքի հողատարածքները, բնակավայրերը, արոտավայրերը, խմելու ջրի ակունքներն ադրբեջանցիների հսկողության տակ է։ Մոտ 2000 հեկտարի չափ իրենք արդեն մեր տարածքի մեջն են: Մեր խնդիրն ապահովությունն է, գյուղում ապահովություն չկա, դրա համար բնակչության 90 %-ը չի բարձրանում սար, վախենում են՝ խփեն տրակտորիստներին: Կառավարությունը պետք է այնպես կազմակերպի, որ սահմանները հստակ լինեն և մարդիկ իրենց ապահով զգան»,- եզրափակել է Մադոյանը։