Հադրութի Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը

13 Հուլիսի 2023, 18:00

Մշակույթ

Ադրբեջանական կողմը Հադրութի Կավաքավանքի եկեղեցում ամրակայման, վերականգնողական աշխատանքների իրականացման ներքո աղավաղում է եկեղեցու իրական-պատմական տեսքը եւ իրականացնում եկեղեցու, այսպես կոչված, ‹‹աղվանացումը›:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանցի օգտատերերից մեկի կողմից համացանցում տեղադրված տեսանյութերից երևում է, որ օկուպացված Հադրութի շրջանում գտնվող Կավաքավանք վանքային համալիրի տարածքում շինարարական աշխատանքներ են իրականցվում: Վանքը գտնվում է Տողից Վարանդա (Ֆիզուլի) տանող ճանապարհից ձախ՝ հարթավայրից առանձնացող մի բլրի վրա:

2020 թվականի հոկտեմբերի 12-14-ը Կավաքավանքի շրջակայքում  ինտենսիվ մարտեր են ընթացել, տարածքը ենթարկվել է հրետակոծության: Ադրբեջանցի զինվորականները եկեղեցին օգտագործել են որպես ռազմական հենակետ, ինչի հետևանքով կառույցի զարդաքանդակներն ու հայերեն արձանագրությունները զգալիորեն տուժել կամ և ոչնչացվել են: Եկեղեցու վիճակի մասին 44-օրյա պատերազմից հետո՝ մինչև այս տեսանյութերի ի հայտ գալը, տեղեկություններ չկային:

Տեսանյութից երևում է, որ եկեղեցին և նրա շրջակայքը զգալիորեն տուժել են հակառակորդի հրետակոծությունից, կան փլված հատվածներ, ընկած ու թափված քարեր, վնասված է տանիքը: Այս վնասները նախքան 2020 թվականի պատերազմը առկա չէին: Բացի այդ, ինչպես երևում է տեսանյութից, եկեղեցին որպես ռազմական հենակետ օգտագործած զինվորականները եկեղեցու ներսում՝ տարբեր հատվածներում թողել են ադրբեջաներենով արված տասնյակ գրություններ: Անհետացել է եկեղեցու կողքին դեռևս 1995 թվականին տեղադրված՝ տարածքն ազատագրած ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը: Շատ հնարավոր է, որ խաչքարը ոչնչացրել են ադրբեջանցի զինվորականները: Նկատենք, որ ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ 1994 թվականից այս կողմ կանգնեցված խաչերի, խաչքարերի, տարաբնույթ հուշակոթողների, ինչպես նաև նոր կառուցված եկեղեցիների հանդեպ իր վեաբերմունքը:

Տեսանյութից երևում է, որ ադրբեջանական կողմը հարթեցրել է եկեղեցու շրջակա տարածքը, կատարել հողալցումներ: Դատելով տեսանյութում երևացող տեխնիկայից՝ դեպի եկեղեցի նոր, ասֆալտապատ ճանապարհ է կառուցվում:  Առավել մտահոգիչ են եկեղեցու ներսում և շքամուտքի վրա կատարվող աշխատանքները: Դատելով տեսանյութից՝ շքամուտքը զգալիորեն վնասված է, համարյա անհետացել են զարդաքանդակ եզրագոտիները: Եվ իհարկե, քարոզչական էժանագին հնարքը՝ հայկական միջավայրում, հայերի կողմից 1742 թվականին կառուցված և հայերեն արձանագրություններ կրող եկեղեցին հորջորջել որպես աղվանական:

Ադրբեջանական կողմը եկեղեցու կարծես ամրակայման, վերականգնողական աշխատանքներ է իրականացնում, որոնցից առավել ռիսկայինը եկեղեցու իրական-պատմական տեսքի աղավաղումն է, վերականգնման պատրվակի ներքո նրա աղճատումը և այսպես կոչված ‹‹աղվանացումը››: Իսկ ադրբեջանական կողմը իր բազմաթիվ հայտարարություններով, որոնք արվել են նաև երկրի նախագահի մակարդակով, մշտապես նշել է, որ իբր հայերը օկուպացիայի տարիներին հայկականացրել են երկրամասի, այսինքն՝ Արցախի «աղվանական» հուշարձանները և իրենք նախնական տեսքի են բերելու դրանք, ինչը նշանակում է, որ վերացվելու են խաչային հորինվածքները, խաչքարերը և առաջին հերթին հայերեն արձանագրությունները (մանրամասն տես. Ծակուռու եկեղեցու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը — Monument Watch): Ահա այս վտանգն ենք տեսնում նաև Կավաքավանքի եկեղեցու «շինարարական աշխատանքների» դեպքում:

Մեր արձագանքը

Հարկ է նշել, որ, ըստ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա լրացուցիչ՝ 1954 թ. և 1999 թ. արձանագրությունների, արգելվում է կոնվենցիայով սահմանված մշակութային արժեքն օգտագործել ռազմական նպատակներով։ Հաագայի 1999 թ. երկրորդ արձանագրության 6-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքները վերածել ռազմական օբյեկտների կամ օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են դրանք ավերվելու կամ վնասվելու վտանգի ենթարկել։ Իսկ երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի գ և դ կետերով այդպիսի արարքը որակվում է որպես ռազմական հանցագործություն։ Երբ մշակութային ժառանգությունն օգտագործվում է ռազմական նպատակներով, զրկվում է վերոնշյալ կոնվենցիայով սահմանված իր լրացուցիչ պաշտպանությունից և դառնում քաղաքացիական օբյեկտ։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։ 

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք»»: