ՀԱԵ-ն նշում է Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օրը

25 Նոյեմբերի 2024, 13:27

Մշակույթ

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օրը:

Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում: Բայց հայկական Տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:

Ս. Հուլիանեն (†304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, որոնք տեղում էլ նահատակվում են: Իսկ Ս. Հուլիանեին գլխատում են, 19 տարեկանում:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Ս. Վասիլուհին ևս († 303), որն իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 309 թվականին: