ՀԱԷԿ–ի համար ռեզերվային ճգնաժամային կենտրոն կկառուցվի Իսակովի պողոտայում

19 Փետրվարի 2026, 15:40

Քաղաքականություն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 18–ի նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում գույք ներդնելու մասին որոշում կայացրեց։

Այս որոշումը պայմանավորված է ՀԱԷԿ–ի կողմից Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման և զինման գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումը պայմանավորված է ԱԷԿ անվտանգության հիմնական կանոնների պահանջներով։

Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման և զինման նպատակով իրականացվել է Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող 2.2812 հեկտար ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության տարածքի չափագրում և սահմանազատում:

Արդյունքում առանձնացվել է 0.1717 հեկտար մակերեսով տարածք, որին տրվել է նոր հասցե։ Նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, ինչն էլ խոչընդոտում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից գույքի հետ կապված մի շարք գործարքներ կատարելուն։

Այս որոշմամբ ակնկալվում է ավարտին հասցնել Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումը և գույքը ներդնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում 98.023.000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով, ավելացնելով Ընկերության կանոնադրական կապիտալը: