Հաջորդ քայլը լինելու է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազաների օրինականացումը. Ալեքսեյ Լեոնկով
10 Նոյեմբերի 2025, 21:15
Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին ադրբեջանական բանակի անցման մասին:
«Երբ մի երկիր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, դա նշանակում է, որ այն օգտագործվելու է ՆԱՏՕ-ի շահերից ելնելով՝ առանց հաշվի առնելու նրա պետականությունը, ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը։ Եվ հատկանշական օրինակ է Ուկրաինան, որն ամեն ինչ վերափոխեց ՆԱՏՕ-ի չափանիշներին և դարձավ ՆԱՏՕ-ի զենքը Ռուսաստանի դեմ։ Եվ, ինչպես պատմությունն է ցույց տալիս, այժմ այն երկրները, որոնք ժամանակին եղել են Խորհրդային Միության կազմում, անցնելով ՆԱՏՕ-ի չափանիշներին, դառնում են այդ դաշինքի գործիքը Ռուսաստանի դեմ»,- կարծում է Լեոնկովը:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի գործողությունները վնասում են Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին:
«Կարծում եմ՝ հաջորդ քայլը կլինի ՆԱՏՕ-ի ռազմաբազաների օրինականացումն Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ոչ այլ ինչ, քան ուղղակի սպառնալիք Ռուսաստանի Դաշնությանը, և նա ստիպված կլինի պատասխանել դրան»,- ընդգծել է քաղաքագետը։
Լեոնկովի կարծիքով՝ եթե դիվանագիտական ջանքերն արդյունք չտան, Ռուսաստանի կողմից կարող են կիրառվել ավելի կոշտ միջոցներ՝ հասունացած սպառնալիքին արձագանքելու համար։
«Կարծում եմ՝ ամեն ինչ միշտ սկսվում է դիվանագիտական մակարդակից, ապա հասնում է ռազմատեխնիկական պատասխանի։ Թույլ կտա՞ արդյոք դիվանագիտությունը դա անել։ Դա մեկ բան է։ Իսկ եթե թույլ չտա, ապա, հասկանալի է, որ վաղ թե ուշ կսկսվեն որոշակի գործողություններ, որոնք կստիպեն Ռուսաստանին անցնել հարցի ռազմատեխնիկական լուծմանը»,- ասել է քաղաքագետը:
Ալեքսեյ Լեոնկովն Ադրբեջանի նախագահին բնութագրում է որպես ոչ այնքան սուբյեկտային և կարծում է, որ նրան պակասում է որոշումների կայացման անկախությունը։
«Ալիևն ինքնուրույն քաղաքական գործիչ չէ, քանի որ անընդհատ փոխում է իր տեսակետը, ներքին և արտաքին քաղաքականությունը: Իսկ այն մարդը, ով իսկապես պաշտպանում է սեփական պետության շահերը, երբեք չի գնա միջուկային տերության դեմ առճակատման»,- եզրափակել է փորձագետը։