Հակոբ Բագրատունի. Արցախը, Հայաստանի թրքացումը լիբանանահայության համար կյանքի խնդիր է

20 Օգոստոսի 2024, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

«Սպասումը և ձևակերպումը, թե պատերազմ պետք է սկսվի, տեղին չէ, որովհետև իրականում այդ պատերազմն արդեն սկսված է, ընթանում է չափված, սահմանները ճշտած պատերազմ», — Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում նշում է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, լիբանանահայ համայնքի քաղաքական առաջնորդ Հակոբ Բագրատունին:

Լիբանանի հարավին Իսրայելը հարվածում է գրեթե ամեն օր, լինում են տասնյակ վիրավորներ, զոհեր: Նաև լիբանանյան դիմադրությունը՝ Հզբոլլահն է հարվածում Իսրայելին: Բայց ամեն ինչ միայն երկրի հարավով չի սահմանափակվում: Հուլիսի 30-ին Իսրայելը հարվածել էր նաև մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին՝ խոցելով Հզբոլլահի առաջնորդներից մեկին:
Պատասխանելով անվտագային միտումների մասին հարցին՝ Լիբանանի շուրջ ընդհանրապես և Միջին Արևելքի մայր գաղութներից լիբանանահայ համայնքի շուրջ հատկապես, Բագրատունին ընդգծում է, որ երկրում և համայնքում սպասողական վիճակ է, կարևորում է, որ Դոհայում և Կահիրեյում ընթացող բանակցությունները որոշ չափով հանդարտեցման նախանշաններով են, բայց ոչինչ դեռ հաստատ չէ:

«Լիբանանի ներքին քաղաքական որոշ շրջանակները արտաքին աշխարհի հետ ունեցած իրենց դաշինքների կամ բարեկամության պատճառով վերապահ են Հզբոլլահի դիմադրության ձևի հարցում: Լիբանանը, այո, դժվար կացության մեջ է, որի ազդեցությունը կրում է նաև Լիբանանի հայությունը», — նշում է Բագրատունին:

ՀՅԴ 132-րդ ամյակի միջոցառմանը Բագրատունին հայտարարել էր, որ հայ ժողովուրդը վերջին հարյուր տարվա իր ամենաճգնաժամային փուլում է, Արցախը հանձնել են, Հայաստանի գոյությունը վտանգված է, վտանգված են Միջին Արևելքի հայ գաղութները, հողմահար վիճակում է Լիբանանը, հատուկ ջանք է թափվում կացնահարելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Այս հանգամանքներում Արցախի հարցն այսօր ինչ տեղ ունի լիբանանահայության քաղաքական օրակարգում հարցին պատասխանելով Բագրատունին ընգծում է.«Ամբոխահաճո հայտարարություններ չեմ ուզում անել, այլ իրատես և ապագայով մտահոգ մարդու պատասխանատու հայտարարություն: Այո, դժբախտաբար, Արցախն այսօր հանձնվեց, կորցրեցինք, և դրա հետևանքը հիասթափությունն է արցախահայության համար, Հայաստանում և սփյուռքում, բայց մենք որպես ժողովուրդ չենք կարող այդ հիասթափության մեջ ապրել, պարզապես մոռանալ, ենթարկվել: Մեզ համար դատը մնում է դատ: Այնպես, ինչպես Ցեղասպանությունից հետո մեզ համար հայ դատի հետապնդումը հիմնական նշանակություն ունեցավ, և պատահեց այն, որ Արցախը իր անկախությունը հռչակեց, Հայաստանը անկախացավ, հետևաբար նաև անցյալի այս դասը պետք է ցույց տա՝ այսօր պետք է զենքը վայր դնենք, թե շարունակենք պայքարը: Արցախը լիբանանահայության համար հիմնական, կյանքի խնդիր է, ինչպես Հայաստանի անվտանգությունը և Հայաստանի թրքացման դեմ ամեն տեսակի քայլ: Մենք հսկայական անելիք ունենք՝ արցախահայության, Հայաստանի և սփյուռքի եռամիասնությամբ»:

Հանուն խաղաղության ամեն ինչ զիջելու Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը, ըստ Բագրատունու, հերքվում է աշխարհի օրինակներով, որոնցից մեկն էլ Պաղեստինն է, Արաֆաթի հայտնի համաձայնագիրը:

«Ո՞ր թուրքին կարող ենք վստահել՝ այսօրվա հոխորտացող Էրդողանի՞ն, թե՞ Իլհամ Ալիևին: Այդպես խաբե՞լ ժողովրդին, այո, տնտեսական շահով կարող ես խաբել, բայց հանուն տնտեսության և, այսպես կոչված, երազային բարրօրության, հայրենիքը չես կարող վաճառել: Այո, մենք էլ, թերևս, եթե ընդունեինք 1915-ին թրքանալ, մեր ամեն ինչը տալ, գուցե Ցեղասպանությունը չլիներ: Դա էլ վաղը գուցե հանցանք դիտվի: Մեր պապերը իրենց հողերը կորցրին, ջարդվեցին, որ հայ մնան, որ Հայոց պատմություն սովորեն, ոչ թե Հայաստանի պատմություն»:

Խնդիրը զիջումները չեն, բանակցային գործընթացներում զիջումը կարևոր է, խնդիրն այն է, որ բանակցությունների պետք չէ գնալ զիջելու համար, բանակցությունների պետք է գնալ հավասարի իրավունքով՝ այնպես, ինչպես սրանից առաջ է կատարվել, նշում է Բագրատունին՝ հավելելով. «Փաստորեն, այսօր տակավին չգիտենք ինչ գաղտնի համաձայնություններ կամ խոստումներ կան, որոնք մեր ժողովրդի առաջ պետք է դրվեն»:

Հիմա եթերում