Մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի՝ կոալիցիա կկազմե՞ն Մակրոնի կուսակցության հետ, թե ոչ․ Անահիտ Հակոբյան
09 Հուլիսի 2024, 00:08
Ֆրանսիայում ծայրահեղ աջականները ընտրությունների առաջին փուլում պատրաստ էին հասնել իշխանության։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը։
«Բոլոր կուսակցություններն իրար հետ որոշեցին, որ միանալու են աջ ծայրահեղականների, Մարի Լը Պենի դեմ։ Իրականում աննախադեպ բան եղավ, ոորվհետև արդեն մոտավորապես 20 տարի է, ինչ բոլոր կուսակցությունները միասին որոշել են, որ իրենք ծայրահեղ աջակողմյանների դեմ են գործելու։ Բայց տարիների ընթացքում մենք տեսանք, որ այդ ծայրահեղ աջականները արդեն կամաց-կամաց մոտենում են իշխանության։ Իրենք այս վերջին ընտրությունների առաջին փուլում պատրաստ էին հասնել իշխանության»,- նկատել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի՝ կոալիցիա կկազմե՞ն Մակրոնի կուսակցության հետ, թե ոչ։
«Սա կարող է ինչ-որ ճգնաժամային իրավիճակ առաջացնել, բայց մենք դա կհասկանանք գալիք օրերին։ Իրենք իրականության մեջ արդեն ձախակողմյան կուսակցություներով ժողովներ են կազմակերպում, որպեսզի հասկանան՝ իրենք ում են առաջադրում որպես վարչապետ։ Երբ դա իրենց կողմից հստակ կլինի, այդ ժամանակ կհասկանանք՝ Մակրոնի կուսակցության հետ կապ կարո՞ղ է ստեղվծվել, թե ոչ։ Ինչքան էլ ասեն՝ իրենք կոալիցիա չեն կազմելու, բայց 190 պատգամավորով իրենք չեն կարող իշխել, պետք է 289 պատգամավոր, ու ստիպված են կոալիցիա կազմել կամ Էմանուել Մակրոնի, կամ ավելի ծայրահեղ աջակողմյանների հետ»,- եզրափակել է Անահիտ Հակոբյանը։