Հալեպի հայ համայնքի հաստատությունները փակ են. Զարմիկ Պողիկյան
02 Դեկտեմբերի 2024, 21:46
Հայ համայնքը հայկական կենտրոնների վերահսկողության տակ է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Հալեպ քաղաքի մեծ մասը ընդդիմադիրների վերահսկողության տակ է։ Ժողովուրդը զգուշավորություն է ցուցաբերում, երեկոյան ուշ ժամերին երբեմն բախումներ են լինում, երբեմն օդանավերը ինչ-որ տեղեր են հարվածում։ Ժողովուրդը շատ է մտահոգված, բայց ցերեկը քաղաքում հանգիստ է լինում։ Մարդիկ փորձում են տնից քիչ դուրս գալ, նրանք զգուշավոր են։
Հայ համայնքը հայկական կենտրոնների վերահսկողության տակ է։ Նրանք կապ են հաստատում ժողովրդի հետ և փորձում են խուճապի մատնված մարդկանց հանդարտեցնել, ապահովում են հայերի կարիքները։ Այսօր, օրինակ, հացի կարիք կար, որը մասամբ ապահովվել է։ Ով ունենում է բժշկական օգնության կարիք, մեր հայ բժիշկները պատրաստ են բոլորին օգնել»,- ասել է Զարմիկ Պողիկյանը։
Նա հավելել է, որ որոշ մարդիկ տեղափոխվել են ավելի ապահով վայրեր։
«Մարդիկ կան, որ ուզեցել են ու գնացել են ավելի ապահով նահանգներ։ Հիմա ճամփաները փակ են։ Հայ համայնքը Հալեպում է, մեր դպրոցները առայժմ փակ են։ Թե ինչ կլինի առաջիկա օրերին, չգիտենք, սպասողական վիճակում ենք։ Հիմնական դժվարությունը սնունդ, տնտեսական ապրանքներ ունենալն է։ Մարդկանց աշխատատեղերը չեն գործում, դրա համար տնտեսապես հնարավոր է վատ վիճակում հայտնվեն։
Այս պահին մեր գլխավոր խնդիրը հայ համայնքի անվտանգությունն ապահովելն է։ Այնպես որ, համայնքի հոգևոր առաջնորդարաններն ու միությունները ջանք չեն խնայում ամեն բան անելու, որ հնարավորինս հանգիստ պայմաններում պահեն հայ համայնքի ներկայացուցիչներին»,- եզրափակել է Զարմիկ Պողիկյանը։