Հալեպում հնարավոր է քաոս ստեղծվի, սպասողական վիճակում ենք. Զարմիկ Պողիկյան

09 Դեկտեմբերի 2024, 22:00

Քաղաքականություն

Հալեպում իրավիճակը այս պահին հանդարտ է, սպասողական վիճակում ենք: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

«Հալեպում իրավիճակն այս պահին հանդարտ է, սպասողական վիճակում ենք: Քաղաքն ամբողջությամբ ընդդիմության վերահսկողության տակ է, ծայրամասերում շրջաններ կան, որ քրդական ներկայություն է այնտեղ: Բոլորը սպասում են, թե ինչպես է զարգանալու քաղաքական պատկերը: Այս պահին տնտեսական դժվարություններ կան, մարդիկ իրենց բնականոն աշխատանքին չեն անցել: Բոլորն էլ զգույշ են, որովհետև հնարավոր է՝ քաոս ստեղծվի: Կառավարման համակարգը հստակ հաստատված չէ, այնպես որ անապահովություն կարող է ստեղծվել այս առումով»,- ասել է մեր զրուցակիցը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ներկայիս հիմնական դժվարությունը տնտեսական է, տեղի հայ համայնքին օգնության ձեռք են մեկնում առաջնորդարանը ու հայկական միությունները:

«Համայնքին տիրություն է անում առաջնորդարանը, համայնքապետերը գործակցաբար հայկական միությունների հետ ձեռք ձեռքի տված ջանում են համայնքի անվտանգության, գոյատևման համար իրենց կարողացածն անել: Ներկայիս հիմնական տագնապը տնտեսական տագնապն է»,- տեղեկացրել է Զարմիկ Պողիկյանը։