Համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքը

30 Հունիսի 2023, 09:53

Քաղաքականություն

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունների ժամանակ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, Միրզոյանն ու Բայրամովը «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ».

«Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ:

Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: