«Համաձայնության կամուրջ» միջազգային երաժշտական համաժողովի առաջին համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին
09 Սեպտեմբերի 2023, 22:30
Կազանի կոնսերվատորիան հիմնել է «Համաձայնության կամուրջ» միջազգային երաժշտական համաժողովը, որի շրջանակներում կանցկացվեն Կազանի եւ արտասահմանյան երաժիշտների համատեղ համերգները։
«Կուլտուրա» հեռուստաալիքը հայտնում է, որ նախագծի առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Այն նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Ելույթ կունենան Խաչատրյանի անվան տրիոն (Հայաստան) և Կազանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը:
Եռյակի կազմում են դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և Կարեն Քոչարյանը (թավջութակ):
Կազանում կայանալիք համերգի համար արտիստներն ընտրել են Հայաստանի նշանավոր կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի կամերային երաժշտության գլուխգործոցները: 2-րդ բաժնում տրիոն հանդես կգա Կազանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ Եվգենի Աֆանասևի ղեկավարությամբ: Միասին երաժիշտները կկատարեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար։