Համաշխարհային մակարդակի շոուով աշնանը կբացվի «Տաշիր Արենա»-ի առաջին խաղաշրջանը

29 Հուլիսի 2025, 22:27

Մշակույթ

Երևան է ժամանել թատերակրկեսային շոուի միջազգային խումբը, որը բաղկացած է 150 մասնակցից՝ արտիստներից, ռեժիսորներից, պրոդյուսերներից, տեխնիկական մասնագետներից, պարուսույցներից, բեմանկարիչներից, պրոդյուսերներից։ Աշնանը նրանք Հայաստանում կներկայացնեն մասշտաբային նախագիծ, որով էլ կմեկնարկի Երևանի կրկեսի տեղում կառուցված «Տաշիր Արենա»-ի առաջին խաղաշրջանը:

Արտիստների խոսքով՝ շոուն կդառնա նմանը չունեցող իրադարձություն տարածաշրջանում։ Հայ հանդիսատեսը կտեսնի լույսի, ձայնի, մուլտիմեդիայի և սցենարի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ինքնատիպ ներկայացում։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն ընդգծել է, որ «Տաշիր Արենա»-ն կդառնա փորձի փոխանակման, հայ տաղանդներին աջակցելու կենդանի հարթակ:

Ստեղծագործական խմբի կազմում է բեմադրող ռեժիսոր Պավել Բրյունը՝ կրկեսային արվեստի ոլորտի ամենաճանաչված մասնագետներից մեկը, ով աշխատել է Cirque du Soleil, DRAGONE-ի և աշխարհի առաջատար բրենդների նախագծերի վրա: Բրյունն ընդգծել է Հայաստանի հետ իր երկարամյա կապը և պատմել, որ շոուի նախապատրաստությունները տևել են ավելի քան երկու տարի: Նրա խոսքով՝ պրեմիերան կլինի անմոռանալի և կուրախացնի ինչպես երեխաներին, այնպես էլ մեծերին:

«Մեր ամբողջ թիմը ժամանել է Երևան։ Եվ մենք սկսում ենք հետհաշվարկը դեպի մեծ շոու: Այս նախագծի ստեղծման վրա աշխատել է իսկական երազանքի թիմ»,- նշել է Պավել Բրյունը։

«Տաշիր Արենա»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը տեղեկացրել է, որ բեմադրության վրա աշխատել է համաշխարհային մակարդակի թիմ, իսկ արենայի հանդիսավոր բացման օրը կհայտարարվի առաջիկայում:

Համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների հետ համատեղ ստեղծված շոուի յուրահատուկ կոնցեպտը կոչված է դառնալու ժամանակակից Հայաստանի մշակութային խորհրդանիշը՝ համարձակ, առաջադեմ և նորարարությունների ձգտող: Նախագիծն ամբողջությամբ իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից, որը միավորել է տեխնիկական վարպետությունն ու ստեղծագործական ոգեշնչումը մասշտաբային նախագծի մեջ:

Հիմա եթերում