Համբարձման «Ջան գյուլում» Հ.Օ.Մ.-ի Թավրիզի կրթօջախում
18 Մայիսի 2023, 13:15
Մայիսի 17-ին առաւօտեան ժամը 11-ին, Հայ Օգնութեան Միութեան Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի յարկի տակ կատարւեց Համբարձման տօնի ազգային աւանդութիւնը՝ «Ջան գիւլիւմ»-ը, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, ծնողներ եւ հիւրընկալ Միութեան՝ Հ.Օ.Մ.-ի վարչութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Բացման խօսքը արտասանեց ուսուցչուհի Նայիրի Դիլանեանը, բարի եւ օրհնաբեր գալուստ մաղթելով Սրբազան Հօր եւ բոլոր հիւրերին: Նա անդրադարձաւ այն իրողութեան, որ եկեղեցական-ազգային տօները հերթաբար, ըստ օրացուցային դասակարգման, պարտաճանաչութեամբ կատարւում են կրթօջախում, հոգեւոր ու ազգային ոգով դաստիարակելու մեր մատղաշ սերնդի զաւակներին:
«Ջան գիւլիւմ»-ի բախտի յայտնաբերման համար բեմ բարձրացան երեխաները եւ իրենց ուսուցչուհիների՝ Նայիրի եւ Անի Դիլանեանների ղեկավարութեամբ կատարեցին իւրաքանչիւր ներկայի համար բախտի յայտնաբերման արարողութիւնը: Իւրաքանչիւր ներկայ իր կողմից մի առարկայ գցեց ջրով լեցուն դոյլի մէջ: Յետոյ, երեխաները հերթով դուրս բերեցին դրանք, իւրաքանչիւրի համար մի այլ զամբիւղից վերցնելով փակւած մի թղթիկ, որի մէջ գրւել էր տւեալ անձի բախտը: Այսպէս, բոլոր ներկաների համար բարձրաձայն ընթերցւեց իւրաքանչիւրին բախտը, այնտեղ գրւած գեղեցիկ մտածումների ազդեցութիւնը հաղորդելով բոլորին:
Աւարտին իր օրհնութեան խօսքը արտասանեց առաջնորդ Սրբազանը: Նա մանուկներին յատուկ ոճով խօսելով, նախ պատմեց համբարձման հրաշալի դէպքը, այն տպաւորութիւնը թողնելով, որ ճիշտ նոյն պահին համբարձման լեռան վրայ են գտնւում երեխաները եւ դիտում են երկինք համբարձւող Յիսուսին: Սրբազանը յետոյ ասաց, որ Յիսուսը նորից երբ գայ, մանուկ հասակում չի’ լինելու, ինչպէս իրենք մանուկ չեն մնալու, այլ մեծանալու են: Ուրեմն, «բոլորս մեծացած դիմաւորելու ենք Յիսուսին, երբ իր հրեշտակների բանակով նորից գայ մեզ մօտ»,- ասաց Սրբազան Հայրը, դարձեալ մանկական ոճով բացատրելով վախճանաբանական գաղափարը, չարերի վախճանը եւ բարիների գնահատման երանութիւնը:
Վերջապէս, Սրբազան Հայրը բարձր գնահատեց Հ.Օ.Մ.-ի վարչութեան բծախնդիր աշխատանքը, ինչպէս նաեւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչական կազմի նւիրումը: Իր գնահատանքի խօսքը Սրբազանը ուղղեց նաեւ ծնողներին, որոնք մեծապէս համագործակցում են կրթօջախի տեսչութեան, կրթական ոլորտում լաւագոյն արդիւնքի հասնելու համար:
Մօտ երկու ժամ տեւած ծրագրի ընթացքում եղան հիւրասիրութիւններ, որոնց ընթացքում երեխաները կատարեցին Համբարձման տօնի նւիրւած ազգային-գաւառական երգեր: