Համբարձման տոնի հանդիսավոր ս. պատարագ՝ Մարալանի Ս. Աստվածածին ուխտավայր մատուռում

20 Մայիսի 2023, 18:50

Հայեր

Հինգշաբթի, 18 մայիսի 2023թ.-ի առաւօտեան, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում տարիների աւանդութեան համաձայն, սուրբ պատարագը մատուցւեց Թաւրիզի Մարալան թաղամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Ս. Աստւածածին ուխտավայր մատուռի դարաւոր կամարների ներքոյ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագը մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ-խմբավար՝ Վարդան Վահրամեանի:

Սրբազան Հայրը «Հայր մեր»-ից առաջ տօնի խորհուրդը մեկնաբանող պատգամ տւեց, բացատրելով այն պահը, երբ աշակերտները յուսալքւել էին, տեսնելով, որ իրենց Տէրն ու Փրկիչը հրաժեշտ է առնում իրենցից, վերանալու համար երկինք: Նոյն պահին, սակայն, զոյգ հրեշտակների երեւումը գօտեպնդելու էր տասնմէկ աշակերտներին, որոնք շուտով ստանալու էին Սուրբ Հոգին եւ լծւելու ժողովուրդը հովւելու առաքելութեան:

Սրբազան Հայրը Քրիստոսի համբարձման խորհուրդը փոխաբերական իմաստով մեկնաբանելով, ասաց, որ իւրաքանչիւր հաւատացեալ նոյն բառը կարող է օգտագործել, իր դժւարութիւնների, կեանքում կրած նեղութիւնների «համբարձւելուն» համար աղօթելով.

«Բոլորս էլ ունենք անձնական դժւարութիւններ, իսկ հաւաքաբար՝ ազգային-հայրենական տագնապ: Յիսուսի աշակերտները յուսահատւել էին, երբ մեր Տէրը համբարձւեց եւ մի ամպ ծածկեց Նրան իրենց տեսողութիւնից: Մենք էլ յուսահատւում ենք, երբ զօրեղ պաշտպան չենք ունենում: Սակայն կա՞յ աւելի զօրեղ պաշտպան քան Յիսուս, որ խոստացաւ միշտ մեզ հետ լինեն, մինչեւ աշխարհի վախճանը…»,- ասաց Սրբազան Հայրը, գօտեպնդելով բոլորին, յուսադրւել Յիսուսով:

Վաղ առաւօտից հաւատացեալներ եկել էին Ս. Աստւածածին մատուռը, մասնակից լինելու սուրբ պատարագին, հոգեւոր ապրումներով տօնախմբելու մեր Տիրոջ Համբարձման տօնը եւ յետոյ մասնակից լինելու սիրոյ սեղանի: Յայտնենք, որ թաւրիզահայ ընտանիքներ սուրբ պատարագից յետոյ խումբ առ խումբ, ազգականներրով նստում են այգու ծառերի շւաքի ներքոյ եւ վայելում իրենց բերած ուտեստները: Ամառնամուտի սքանելի օր է լինում ամէն տարի այս օրը Մարալանի այգում:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, մատուռի այգում Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմինը սիրոյ սեղան բացեց հոգեւորականաց դասի, ազգային իշխանութեան ներկայացուցիչների եւ սոյն մարմնի անդամների համար:

Զատկական խանդավառ օրերի հաճոյքներից համարւող ձւախաղի համար վերջին օրը լինելով այս, Կանանց Խնամակալ մարմինը ձւախաղի մրցոյթ եւս կազմակերպել էր, որը տեղի ունեցաւ նախքան Համբարձման «Ջան գիւլիւմ»-ի աւանդական վիճակախաղը: Ձւախաղի շահող հանդիսացաւ Շամիրամ Թարվերդեանը, իսկ «Ջան գիւլիւմ»-ի բախտաւորը՝ Արսինէ Բաբայեանը, որոնք Սրբազան Հօր ձեռամբ ստացան իրենց նւէրները:

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը բուֆէի յարմարութիւն էր ստեղծել այգում, որից օգտւեցին ծառերի տակ իրենց հարազատներով նստած հաւատացեալ ընտանիքները, 14-րդ դարից ժառանգւած սուրբ մատռան եւ դրա այգու հովանու տակ ամառնամուտը վայելելով:

Յայտնենք նաեւ, որ ուրմիահայութիւնը տարիների աւանդութեամբ Համբարձման տօնը Ուրմիայի շրջակայ գիւղերի իրենց սեփական այգիներում են կատարում, ազգային տօնախմբութեան վերածելով Համբարձման տօնը: Գաւառական սքանչելի պարերով, ինչպէս նաեւ երիտասարդական խանդավառ երգ ու երաժշտութեամբ են տեղի ունենում այգիների սոյն հաւաքոյթները, որոնք ամէն տարի Համբարձման տօնը վերածում են ազգային արժէքներով գօտեպնդւելու առիթի:

Հիմա եթերում