Համլետ Գալեչյան․ Հայկական «Գավիթ»-ը՝ Մոսկվայում

10 Մարտի 2025, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 10-ը «Գավիթ» թատրոնի դերասան և ռեժիսոր Հալմետ Գալեչյանի ծննդյան օրն է:

Համլետ Գալեչյանը ծնվել է 1977թ-ին: 2000 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական-դերասանական փորձարարական կուրսը, 2002 թվականին Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանում անցել է «մասսայական ռեժիսուրայի» խորացված դասընթացներ, 2007 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտին կից բեմարվեստի գործիչների բարձրագույն դպրոցը։

«Սփյուռքահայ հանդիսատեսին Հայաստանի մասին ներկայացումներ են պետք։ Սփյուռքահայի մոտ հայրենիքի զգացողությունն ավելի սուր է։ Հայկական թատրոնը նրա համար ինքնությունը չկորցնելու միջոց է, իսկ Շեքսպիրին նա կարող է դիտել Մոսկվայի մյուս 253 թատրոններում», — հարցազրույցներից մեկում ասել է «Գավիթ»-ի գեղարվեստական ղեկավարը։

Գալեչյանի ղեկավարությամբ 2010 թվականին ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմին կից բացվել է թատերական ստուդիա, որն անցնելով բուհական դասավանդման բոլոր փուլերը՝ վերածվել է թատրոնի: Սա ամբողջովին հայկական թատրոն է, որը գտնվում է Հայաստանից դուրս և որտեղ բեմադրվում են հայերեն ներկայացումներ։

Տարիների բեղմնավոր աշխատանքի ընթացքում Համլետ Գալեչյանն իր թիմի հետ բեմադրել է շուրջ մեկ տասնյակ ներկայացումներ, որոնցում բացահայտվում են տարբեր խնդիրներ։

Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայի տարբեր քաղաքներում, Հոլանդիայում, Իսպանիայում, բազմիցս Հայաստանում, Ռուսաստանի քաղաքներում: «Գավիթ» թատրոնի բեմում իրենց բեմադրություններով հանդես են գալիս նաև այլ թատերական խմբեր, այդ թվում՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը։

Հիմա եթերում