Հանուն մեր ապրելու բոլորը պետք է միանան այս երթին. երթի մասնակիցներ
07 Մայիսի 2024, 23:30
Սահմանազատման գործընթացի կասեցման պահանջով երթը շարունակվում է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այսօր Կոտայքի մարզի Սոլակ գյուղից շարժվել է դեպի Չարենցավան քաղաք:
Alpha News-ի նկարահանող խումբը երթը լուսաբանել է տեղում և զրուցել քաղաքացիների հետ Տավուշից սկիզբ առած պայքարի նպատակների մասին:
Երթի մասնակիցների պահանջը մեկն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։
«Յուրաքանչյուր հայ պետք է միանա այս երթին։ Սա սուրբ երթ է՝ հանուն մեր հողի, մեր եկեղեցու, հանուն մեր ապրելու։ Մեզ նոր ղեկավար է պետք, նոր հեղափոխություն, թե չէ այս կերպ փոքրանում ենք, և հնարավոր է՝ մի օր էլ չլինենք»,- ասում է մասնակիցներից մեկը։
Մեկ այլ ակտիվիստ էլ նշում է՝ հայ ազգը եղել է, կա ու կմնա հաստատակամ, և այս ամենի վերջը միայն հաղթանակն է։
«Մենք իսկական քրիստոնյաներ ենք, բայց մեր երկիրը մասնատում են, սև ու սպիտակի են բաժանել։ Մեր ազգը եղել է, կա ու կմնա հաստատակամ։ Մեր միակ պահանջն այն է, որ այս իշխանությունները հեռանան, որ մեր երկիրը մասերի չբաժանեն։ Մեր զինվորները կոտորվեցին, հիմա էլ ուզում են եղածների գլուխն ուտեն»,- ասում է երթի մասնակիցը։