Հանրապետության շրջաններում խմելու ջրի խնդիր է հասունանում. Ստեփանակերտում իրավիճակն առայժմ բարվոք է
22 Հունիսի 2023, 08:55
Արցախի Հանրապետության շրջաններում հովհարային անջատումների պատճառով խմելու ջրի խնդիր է հասունանում:
Այս մասին նշված է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագրում՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 191-րդ օրվա վերաբերյալ:
Մասնավորապես՝ Մարտունու շրջանի որոշ գյուղերում մոտ մեկ ամիս է, ինչ ջրի սղության խնդիր կա․ հիմնականում օրական երկու ժամ է ջուր մատակարարվում բնակիչներին։
Ըստ տեղեկագրի՝ Հանրապետության շրջանների վարչակազմերի պատասխանատուներն ահազանգում են, որ Արցախի 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։ Ոլորտի պատասխանատուի հավաստմամբ՝ համեմատաբար բարվոք է իրավիճակը Ստեփանակերտում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը՝ մանրամասնել է, որ առ այսօր մայրաքաղաքում խմելու ջրի խնդիր չի եղել։
«Մեր հիմնարկը մինչ օրս շարունակում է անխափան գործունեություն իրականացնել։ Քանի որ մենք ջուրն ամբարելու համար համապատասխան տեղ չունենք, օգտագործում ենք օրվա կարգավորիչ ջրավազանները, այդ իսկ պատճառով վերջին շրջանի առատ տեղումները մեծ հաշվով ջրի ծավալների ավելացման համար նշանակություն չունեն, սակայն կարևոր են, քանի որ դրական են ազդում օդի խոնավության պահպանմանը և ջրի չգոլորշիանալու վրա»,-պարզաբանել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրենը: