ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին
19 Սեպտեմբերի 2024, 14:10
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ի հասցեին քննադատությունը «աներկբա մարտահրավեր է» Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ Համահայկական գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ը սպառնում է Հայաստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը:
Զատուլինի խոսքով՝ ՀՀ վարչապետը մոտավորապես նույնն է ասում, ինչ տարիներ առաջ, երբ «ոչ ոք նրան չէր դիտարկում որպես լուրջ քաղաքական գործիչ»։
«Նա մարգինալ լրագրող էր և արդեն այն ժամանակ պնդում էր, որ Հայաստանը դադարի ուղղվել դեպի Ռուսաստան, դուրս գա ՀԱՊԿ-ից, վերացնի Գյումրիի ռազմակայանը և այլն։ Դա նա հայտարարում էր որպես ընդդիմադիր, որին քչերն էին լսում։ Դրան հաջորդեց բարեկամության կեղծ հավաստիացումների կարճ ժամանակահատված՝ 2018-ին վարչապետ գալու հետ կապված, իսկ հիմա նա վերադարձել է ինքն իրեն», — նշել է Զատուլինը։
Ըստ նրա՝ Փաշինյանի քննադատությունը «աներկբա մարտահրավեր է» Ռուսաստանին, որը նախընտրում է նույն տոնով չպատասխանել, որպեսզի «չիջեցնի այդ բանավեճի նշաձողը։ Զատուլինը հիշեցրել է՝ ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ նախկինի պես Հայաստանին համարում են միավորման անդամ և շարունակում են համագործակցել նրա հետ:
«Բայց մենք պետք է ոչ թե գլուխը թաքցնենք ավազի մեջ, այլ հասկանանք, թե ուր է գնում պարոն Փաշինյանը, ուր է քաշում Հայաստանը։ Կարևորն այն ազդեցությունն է, որն ունենում է ողջ աշխարհի հայ ժողովրդի վրա պարոն Փաշինյանը, որպես գլխավոր հայ, ինչպես կարծում են ոմանք, մարտահրավեր է նետում մեզ՝ պնդելով, որ մենք չարություն ենք անում Հայաստանի դեմ, քանի որ տվյալ դեպքում ՀԱՊԿ-ը խոսքի ֆիգուր է», — հավելել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին», քանի որ «բոլորի համար հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի ինքնարտահայտման ձևն է պաշտպանական տարածքում»:
«Նա բացահայտ կերպով հանդես է գալիս Ռուսաստանի դեմ՝ ձգտելով, որ վերջինիս ազդեցությունը Հայաստանում և Կովկասում լինի նվազագույն։ Այդպես են վարվում թշնամիները, հակառակորդները, առավել ևս այն պահին, երբ մենք ռազմական գործողություններ ենք իրականացնում, առճակատում ենք Արևմուտքի հետ և այլն։ Եվ դա պետք է պարզ լինի բոլորին, որպեսզի անգամ ցանկություն չլինի այդ առիթով ինչ-որ սկանդալ բորբոքել։ Ես դեմ եմ, որ մենք արձագանքենք։ Պետք է ներքին եզրակացություններ անել Փաշինյանի կառավարության բնույթի և հենց նրա մասին. ահա և վերջ», — ամփոփել է Պետդումայի պատգամավորը։