Հուսով եմ`ռուս և հայ ժողովուրդների դարավոր կապերը որեւէ ժամանակավոր վարչակազմ չի կարողանա խաթարել. Լավրով
02 Հոկտեմբերի 2023, 20:15
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը` նկատի ունենալով պրահյան պայմանավորվածությունը, որը ստանձնել է Փաշինյանը։
«Կեղծ են Երևանից հնչող հայտարարությունները, թե նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ղարաբաղը տալ Ադրբեջանին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա շեշտել է, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի՝ ընդհանուր ըմբռնում կար, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։
«Համաձայնագրում ասվում է, որ Ղարաբաղը խաղաղապահ առաքելության պատասխանատվության ոլորտն է, և ընդհանուր ըմբռնում կար, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է»։
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան աշխատում է գործընկերների հետ ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար։
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին Երևանի հայտարարությունները սուվերեն որոշում են, բայց Մոսկվան հույս ունի որ «ժամանակավոր որևէ վարչակազմ» չի խզի Հայաստանի ու Ռուսաստանի միջև կապերը։
«Եթե հիմա, ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, իրենք այլ տեղ կփնտրեն գործընկերներ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, սա իրենց սուվերեն ընտրությունն է՝ Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես դեռ հուսով եմ, որ ռուս և հայ ժողովուրդների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարողանա խաթարել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում: