ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել․ Սերգեյ Լավրով
05 Դեկտեմբերի 2024, 17:12
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու մասին հայտարարությունը և նշել, որ կազմակերպությունից դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել։
«Մենք Հայաստանի վարչապետի՝ խորհրդարանում արված հայտարարությունները լսել ենք, նա այդ թեմայով շատ է խոսել, դատողություններ արել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, բայց համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում առավելագույնս օգտագործել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Եթե կայացվի որոշում, որի մասին նա խոսում է որպես կանխորոշված, ապա դա կլինի ներկայիս հայկական ղեկավարության ինքնիշխան իրավունքը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի համար դռների փակում, չեն ձեռնարկել և չեն պատրաստվում ձեռնարկել», — նշել է ՌԴ արտգործնախարարը։