ՀԱՊԿ-ից եկող սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջախոհությանը․ Մարիա Զախարովա

19 Սեպտեմբերի 2024, 20:30

Քաղաքականություն

Եթե Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), ուրեմն դրանում ինչ-որ նպատակահարմարություն է տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները ՀԱՊԿ-ի կողմից Հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին հակասում են ողջախոհությանն ու իրականությանը։ Որովհետև եթե ինչ-որ բան քեզ «սպառնում է», առավել ևս ազգային անվտանգությանը, ապա ինչ իմաստ ունի խոսել այն մասին, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում։ Եթե նրանք մնում են, նշանակում է, որ նրանք դրանում ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ նրանք ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս է եկել Հայաստանից»։ Այդ ամենը հակասում է առողջ բանականությանը և տրամաբանությանը», — ասել Է դիվանագետը Կանանց եվրասիական IV համաժողովի շրջանակներում։