ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կոչնչացնի երկրի ողջ անվտանգությունը. Պյոտր Կոլչին
02 Մայիսի 2024, 00:08
Ռուս քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին մեկնաբանել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ի մասին, որտեղ նա ասել է, որ «Հայաստանը չի ցանկանում մաս կազմել չաշխատող մեխանիզմի»։
Ըստ փորձագետի՝ Հայաստանն իրեն տանում է դիվանագիտական փակուղի.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը փորձում է սեփական դիվանագիտական պարտությունների մեղքը բարդել որևէ մեկի վրա, տվյալ դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վրա։
Ես չեմ կարծում՝ հիմա որևէ հնարավորություն կա, որ Հայաստանը շուտ դուրս գա կազմակերպությունից։ Հնարավոր է, որ այդ հավակնությունները հետագայում դիվանագիտական առևտրի առարկա դառնան, բայց Փաշինյանի դիվանագիտական դիրքերը թույլ են բոլոր առումներով ՝ ինչպես Ռուսաստանի հետ, այնպես էլ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում։ Հայաստանի ներկայիս վարչակազմն իրեն դնում է դիվանագիտական փակուղու մեջ, որտեղից դժվար կլինի ինչ-որ արժանապատիվ ելք գտնել», — ասել է Կոլչինը։
Այսպիսով, ըստ նրա, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը մոտ ապագայում քիչ հավանական է, քանի որ դա փաստացի կոչնչացնի երկրի ողջ անվտանգությունը։ «Բայց ռիսկերը Անդրկովկասի տարածաշրջանում պահպանվում են»,- եզրափակել է Կոլչինը։