ՀԱՊԿ-ում մնալը համապատասխանում Է առաջին հերթին հայկական պետության շահերին. Գալուզին

15 Փետրվարի 2024, 12:11

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ում գտնվելը և կազմակերպության շրջանակներում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վերադառնալը բխում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերից: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Օբյեկտիվորեն Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք, մեր կարծիքով, նույնպես չի նկատվում։ Առավել ևս ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններ»,-ասել է Գալուզինը։

Սակայն, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չեն արժանացել և չեն իրագործվել, հավելել է նա։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշվի այն երկրների կողմից, որոնց համար այդ տարածաշրջանը ընդհանուր տուն է։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիության պետությունները նման երկրների շարքին չեն դասվում։ Ըստ այդմ, մենք անարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերի, «արևմտականների» ձգձգումը տարածաշրջան, ինչին, ցավոք, հակված է պաշտոնական Երևանը վերջին շրջանում։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում և ոչ մի տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ն ու նրա արբանյակները միջամտել են, կայունություն և կայուն խաղաղություն չի եղել։ Եղել են միայն պետականության ավերածություններ, քաոս և ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկաններ, Իրաք, Լիբիա, Սիրիա, Պաղեստինյան տարածքներ, որոնք օկուպացվել են Իսրայելի կողմից», — նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե նրա հետ, որպեսզի օգնեն Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և կայուն խաղաղության ու կայունության հասնեն, այլ նրա հետ, որպեսզի այդ գործընթացից դուրս մղեն Ռուսաստանին և նրա սահմանների անմիջական հարևանությամբ ստեղծեն լարվածության ևս մեկ օջախ:

«Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների քաղաքական և փորձագիտական մակարդակներում, որոնք դրված են այդ կազմակերպության օրակարգում, այնքան լավ», — եզրափակել է Գալուզինը:

Հիմա եթերում