ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելության հարցի քննարկմանը
02 Օգոստոսի 2023, 11:48
ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելության հարցի քննարկմանը ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«ՀԱՊԿ-ը անդամ պետությունները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույնս շահավետ օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները։ Մենք դեռևս ակնկալում ենք դրական արձագանքի Երևանից և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցների շուրջ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Մոսկվան համոզված է՝ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում իրավիճակի կայունացման վրա»։
«Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի»,- ընդգծել է նա։
Միաժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանը հասկանում է, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ «առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա դիրքերին Հարավային Կովկասում»։
«Այս խնդրին հասնելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գործող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված մեխանիզմները։ Հուսով ենք, որ Երևանը դա լավ է հասկանում»,- պարզաբանել է դիվանագետը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում են խնդիրներ։