ՀԱՊԿ-ը ոչ մեկին չի սպառնում, բայց պետք է պատրաստ լինի ագրեսիան հետ մղելու․ Վլադիմիր Պուտին

27 Նոյեմբերի 2025, 17:50

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար, բայց պետք է պատրաստ լինի հետ մղել ցանկացած ագրեսիա: Այս մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է սպառազինությամբ և տեխնիկայով կիսվել ՀԱՊԿ գործընկերների հետ, իսկ անօդաչու թռչող սարքերի ոլորտում հայրենական պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները նա անվանել է «հեղափոխություն»: Ընդ որում, երկրի ղեկավարը նշել է, որ հատուկ գործողության պայմաններում առաջնային է մնում սեփական պաշտպանական կարիքների ապահովումը:

Պուտինը նաև հայտնել է, որ ՀԱՊԿ երկրները կշարունակեն համատեղ զորավարժությունները, ներառյալ հատուկ ծառայությունների փոխգործակցությունը, և ընդգծել է, որ կազմակերպության աշխատանքը կայունության գործոն է ներկայիս բարդ իրավիճակում:

Անդրադառնալով Երևանի դիրքորոշմանը՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանը շարունակում է իրեն ՀԱՊԿ անդամ համարել, բայց ժամանակավորապես ձեռնպահ է մնում նիստերին մասնակցելուց: Նրա խոսքով՝ միավորման գործընկերները դրան հարգանքով են վերաբերվում, իսկ Ռուսաստանը կապ է պահպանում հայկական կողմի հետ։