Հարավային Ամերիկայից երեք ակումբներ փորձում են պայմանագիր կնքել Բալեկյանի հետ
21 Օգոստոսի 2023, 21:44
Արգենտինայի «Սան Լորենցո» և «Հուրական» ակումբները, ինչպես նաև ուրուգվայական «Պենյարոլը» փորձում են ձեռք բերել Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին: «Բոկա Խունիորս» ակումբում հայտնվելուց հետո հայ ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ «Հուրականը», պատրաստ չէ վճարել նույն աշխատավարձը, ինչ «Բոկա Խունիորսը։
«Հուրականը» կփորձի վարձավճարով վերցնել իր խաղացողին, սակայն «Բոկա Խունիորսը» դժվար թե համաձայնի: Sportball24 -ը գրում է, որ «Սան Լորենցոն» պատրաստ է կարգավորել բոլոր ֆինանսական հարցերը, բայց ինքը՝ Բալեկյանը, չի ցանկանում գնալ այնտեղ, քանի որ դա «Հուրականի» հակառակորդ թիմն է։ 27-ամյա հայի տրանսֆերով հետաքրքրված է նաեւ Ուրուգվայի չեմպիոն «Պենյարոլը»։ Թե ինչ փուլում են բանակցություններն այժմ, հայտնի չէ։
Հայկական ծագումով ֆուտբոլիստ Նիկոլաս Ռոսսի Մարաշլյանը վերջերս է հեռացել «Պենյարոլից» և վարձավճարով տեղափոխվել «Դանուբիո» ակումբ: Այս մրցաշրջանում Նորբերտո Բալեկյանը «Բոկա Խունիորսի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։