Հարավային Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հանրահավաքներ են անցկացվել
25 Ապրիլի 2025, 15:05

Հարավային Կալիֆոռնիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն անցկացվել են հանրահավաքներ, այդ թվում՝ Բևեռլի Հիլզում թուրքական հյուպատոսության դիմաց: Այս մասին հայտնում է ABC7 Eyewitness News-ը:
«Հանրահավաք՝ հանուն մեր ապագայի»-ն կազմակերպել է Հայկական երիտասարդական ֆեդերացիան:
«Փողոց դուրս եկած բոլոր հայերին և ոչ հայերին տեսնելն ինձ հույս է տալիս»,-ասել է Հայկական երիտասարդական ֆեդերացիայից Նարեկ Կույումջյանը։
Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի և Գլենդելի Միացյալ դպրոցական շրջաններում դպրոցներ են փակվել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ այս հավաքը կարևոր է երիտասարդ սերունդների համար՝ գիտակցելու իրենց նախնիների տոկունությունը և երբեք չմոռանալու այն:
«1915 թվականին մեկուկես միլիոն հայ զոհվեց Օսմանյան կայսրության ձեռքով։ Մենք թուրքական հյուպատոսության առջև ենք, քանի որ թուրքական կառավարությունն, ի տարբերություն ամերիկյան կառավարության և աշխարհի 30 կառավարությունների, դեռևս ժխտում է Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Կույումջյանը։