Հարավային Կովկասի ոչ մի երկիր չի կարող ֆիզիկապես անդամակցել ԵՄ-ին՝ աշխարհագրական պատճառներով. Ֆյոդոր Լուկյանով
22 Մարտի 2025, 00:20
«Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին և նշել, որ Ռուսաստանը չի հանդուրժի չափազանց բացահայտ սիրախաղերը նրանց հետ, որոնք այս պահին իր թշնամիներն են:
«Ինձ թվում է, որ իրականում հետխորհրդային տարածք էքսպանսիայի քաղաքականություն չի եղել։ Խոսակցություններ են եղել, բայց ոչ մեկին երբեք ոչինչ չեն խոստացել։ Ուկրաինան ակամա ընդգրկվեց որպես ԵՄ-ի թեկնածու արդեն պատերազմի ժամանակ, քանի որ պետք էր ինչ-որ կերպ հավատարմություն դրսևորել, և դա տեղի ունեցավ։ Եվրոպան երկար ժամանակ առևտուր էր անում իմիջի և հեղինակության վրա, և դա հաջողությամբ արեց, քանի որ Եվրոպայի իմիջը չափազանց գրավիչ էր: Եթե խոսենք Հարավային Կովկասի մասին, ապա այդ երկրներից ոչ մեկը ֆիզիկապես չի կարող անդամակցել Եվրամիությանը պարզապես աշխարհագրական պատճառներով։
Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է եվրաինտեգրման կուրս։ Անկեղծ ասած, սա ինձ մի փոքր զարմացնում է, քանի որ հիմա ամենահարմար ժամանակը չէ Եվրոպային ինտեգրվելու համար՝ նայելով, թե ինչ է կատարվում։ Բայց, ըստ երևույթին, պաշտոնական Երևանի համար շատ կարևոր է ինչ-որ ուղենիշ ունենալը։ Բայց ինձ թվում է, որ Եվրոպան այժմ չի կարող ուղենիշ լինել, նույնիսկ ամբողջովին վերացական առումով: Միջազգային միջավայրն այժմ բոլորովին այլ է։ Այսինքն, դուք դրանից ոչ մի օգուտ չեք ստանա, բայց կարող են լինել բացասական կողմեր, քանի որ Ռուսաստանը չի հանդուրժի չափազանց բացահայտ սիրախաղը նրանց հետ, որոնք ներկայումս իր թշնամիներն են»,- ասել է Լուկյանովը։
Դիտարկմանը, թե դեպի Արևմուտք գնալու պատրվակով հայկական իշխանությունները երկիրն իրականում տանում են դեպի Թուրքիա, Լուկյանովը նշել է, որ Ռուսաստանը ուշադիր կհետևի, թե ինչ է անում Թուրքիան:
«Եթե դա իսկապես այդպես է, և եթե Հայաստանի՝ եվրոպական վեկտորն իրականում նկատի ունի թուրքականը, ապա ես ոչինչ չեմ կարող ասել և չեմ կարող դատել։ Հարցը մեկն է՝ հայ հասարակությունը պատրա՞ստ է նրան, որ եվրոպական երևակայական վեկտորի փոխարեն կլինի կոնկրետ թուրքականը։ Եթե այո, ի՞նչ պետք է անել: Բայց, առաջին հերթին, ես որոշակի կասկածներ ունեմ այս հարցում, երկրորդ՝ Թուրքիայի և Եվրամիության միջև տարբերություն կա Ռուսաստանի տեսանկյունից։
Եվ սա ոչ թե այն իմաստով, թե ով է ավելի լավը կամ ավելի վատը, այլ այն իմաստով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պատմականորեն, թեև այժմ ոչ բացահայտ ձևով, ուժային են։ Այսինքն՝ որոշ առումով Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի հասկանալի են։ Սրանք մրցակիցների հարաբերություններ են, բայց միևնույն ժամանակ այնպես է պատահում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ փոխկապակցված են։ Ուստի Ռուսաստանը, անշուշտ, ուշադիր կնայի՝ ինչ է անում Թուրքիան»,- ընդգծել է Լուկյանովը։