Հարավային Կովկասի տարածաշրջանը մոտ ապագայում կարող է պարզապես «պայթել». Ասլան Ռուբաև
04 Հուլիսի 2025, 21:28
Քաղաքագետ, հետխորհրդային երկրների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը և ինչով է դա սպառնում Հայաստանին։
Փորձագետի խոսքով՝ հավանաբար Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կբացվի առանց Ռուսաստանի մասնակցության։
«Հարաբերությունների խզումը միայն կավելանա։ Դա պայմանավորված է նրանով, որ, ամենայն հավանականությամբ, Ալիևն արդեն ստացել է համապատասխան ցուցումներ նման վարքագծի համար, այսինքն՝ քարտ-բլանշ Լոնդոնից։ Եվ մենք տեսնում ենք, որ Բաքուն՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը ստանալով, Ռուսաստանին դուրս կմղի տարածաշրջանից։
Իրավիճակը մի փոքր վերլուծելուց հետո պարզ է դառնում, որ Փաշինյանի վերջերս Թուրքիա կատարած այցը և Էրդողանի հետ նրա երկխոսությունը, հավանաբար, տեղի է ունեցել այն պայմանավորվածության ներքո, որ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» կբացեն առանց Ռուսաստանի և Իրանի մասնակցության։ Այսինքն, այստեղ ձևավորվում է որոշակի առանցք՝ Բաքու, Երևան, Անկարա, Լոնդոն։ Դա, բնականաբար, զայրացրել է Մոսկվային, և մենք փորձեցինք իրավիճակը պարզաբանելու համար ուղարկել Օվերչուկին, սակայն Բաքուն չընդունեց նրան»,- ընդգծել է Ռուբաևը։
Փորձագետի կարծիքով՝ մոտակա մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող ենք տեսնել ռազմական կոնտինգենտի ներկայություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո։
«Մենք կարող ենք տեսնել այս իրավիճակում սպառնալիք Հայաստանի համար, որը պայմանավորված է Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների խզմամբ և վատթարացմամբ։ Սա շատ լուրջ ազդանշան է Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ ներկայումս երկրում իշխում է հակահայկական,հակաժողովրդական կառավարություն, որն ամեն ինչ անում է, որպեսզի երկիրը մնա անպաշտպան՝ Ադրբեջանի կողմից հնարավոր ապագա սպառնալիքի դեպքում։
Ինձ թվում է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, և դրա մասին արդեն նույնիսկ խոսում է ԱՄՆ նախկին պետքարտուղարը, Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի տարածք և վերահսկողության տակ վերցնել ամբողջ «Զանգեզուրի միջանցքը»։ Ես կարծում եմ, որ սա անհիմն հայտարարություն չէ։ Ես գրեթե վստահ եմ դրանում, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք կտեսնենք հարաբերությունների կտրուկ սրացում Հարավային Կովկասում, և այս տարածաշրջանը կարող է պարզապես պայթել, և բավականին դժվար կլինի հանդարտեցնել այս բռնկումը։
Ես վախենում եմ, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից 1994 թվականին մշակված ռազմավարությունը, որը կոչվում է «Փոթորիկ Կասպից ծովի վրա», այժմ ամբողջությամբ գործի է դրվել։ Եվ մենք մոտակա մեկ տարվա ընթացքում կտեսնենք ռազմական կոնտինգենտի ներկայություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո, որում, ամենայն հավանականությամբ, կներառվեն ֆրանսիական և ամերիկյան զինվորներ, այնտեղ կտեղակայեն իրենց ռազմական բազաները, և դա, իհարկե, մեծ աղետ կլինի տարածաշրջանի համար և հսկայական սպառնալիք՝ Իրանի և Ռուսաստանի համար»,- եզրափակել է Ռուբաևը։