Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները. Լավրով
21 Մայիսի 2025, 14:29
Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին տարածաշրջանի երկրների կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Երևանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային և միջազգային խնդիրների քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
«Մենք համոզված ենք, որ այստեղ ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին տարածաշրջանի պետությունների կողմից։ Դեմ չենք արտատարածաշրջանային երկրների մասնակցությանը, ինչպես դա նախատեսված է միջազգային պրակտիկայով, բայց պայմանով, որ նրանց գործողություններն ուղղված չեն լարվածության ստեղծմանը և չեն անտեսում պետությունների շահերը՝ հօգուտ աշխարհաքաղաքական խաղերի, որոնք երբեք և ոչ մի տեղ դրական արդյունքների չեն հանգեցրել»,-ընդգծել է Լավրովը։
Խոսելով այլ երկրներից սպառազինություն գնելու մասին՝ Լավրով ընդգծել է, որ Հայաստանն ինքն է որոշում, թե որտեղից զենք գնի՝ Ռուսաստանից կամ Ֆրանսիայից: «Քաղաքական իմաստով, իհարկե, Ֆրանսիան հանդես է գալիս որպես թշնամական երկիր, ուստի մեր դաշնակիցները պետք է որոշեն՝ որտեղից զենք գնել»,- հավելել է նա: