Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

17 Հուլիսի 2024, 15:55

Քաղաքականություն

Եվրամիության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը. նա այդ պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։ 

«Քաղաքական և անվտանգության հանձնաժողովը քիչ առաջ հաստատեց Չեխիայից Մագդալենա Գրոնոյի նշանակումը՝ որպես Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Նրա առաջադրումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից», — գրել է Չեխիայի ներկայացուցչությունը X սոցիալական ցանցի իր էջում։

Մայիսին Գրոնոն նշանակվել էր որպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր խորհրդական դիվանագիտական հարցերով։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։