Ռուսաստանի փոխարեն Թուրքիայի ընտրությունը վտանգավոր պատմական կուրություն է. Սեմյոն Բաղդասարով

09 Դեկտեմբերի 2025, 23:40

Կարծիք | Քաղաքականություն

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը Հարավային Կովկասում, թե ինչ է սպասվում Հայաստանին ադրբեջանա-թուրքական տանդեմին ենթարկվելու դեպքում, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ճգնաժամը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

Փորձագետի խոսքով՝ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական առումով իրավիճակը Հարավային Կովկասում բացասաբար է զարգանում։

«Հայաստանի իշխանությունները միտումնավոր անում են քաղաքական նախագծեր, որոնք կարող են Հայաստանը մաքսիմալ հեռացնել Ռուսաստանից և մոտեցնել նույնիսկ ոչ թե Եվրամիությանն, այլ ավելի մոտեցնել և մղել թուրք-ադրբեջանական տանդեմի գիրկը։ Թուրքիան արևմտյան տերությունների համար միշտ խաղացել է մի երկրի դեր, որն այդ տերություններից առաջ լուծում է նրանց ինչ-որ խնդիրներ, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ Պատմականորեն այդպես է եղել և՛ ռուս-թուրքական բազմաթիվ պատերազմներում, և՛ Առաջին համաշխարհային պատերազմում։ Այսինքն՝ Թուրքիան միշտ էլ նման դեր է խաղացել։

Հավաքական Արևմուտքը՝ Եվրոպան և Միացյալ Նահանգները, իսկապես ցանկանում են, որ Հայաստանը գնա այդ ուղղությամբ։ Որովհետև այդ դեպքում նրանք ամբողջությամբ կվերահսկեն Հարավային Կովկասը՝ ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանը, որի վրա հենվելով կարելի է ստեղծել շատ խնդիրներ Ռուսաստանի Դաշնության համար։ Այս տարածաշրջանը լուրջ ազդեցություն ունի Ռուսաստանի հարավային մասի վրա, առաջին հերթին Հյուսիսային Կովկասի վրա՝ այնտեղ առկա բոլոր խնդիրներով։

Այժմ Հարավային Կովկասում շատ հետաքրքիր ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվում։ Տևական ժամանակ ադրբեջանական ղեկավարությունը համեստորեն ասում էր, որ բանակն անցնում է Թուրքիայի չափանիշներին, իսկ Թուրքիան, հիշեցնեմ, ՆԱՏՕ-ի երկիր է։ Այսինքն՝ խոսքը ՆԱՏՕ-ի ստանդարտների մասին էր։ Հիմա նրանք արդեն բացահայտ ասում են՝ այո, մենք անցնում ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այնտեղ ամեն ինչ գտնվում է Թուրքիայի ռազմական ղեկավարության խիստ վերահսկողության տակ։

Աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական առումով Հարավային Կովկասում իրավիճակը բացասաբար է զարգանում։ Վերջնական արդյունքում Հայաստանը որևէ շահ չի ունենա․ այն կհայտնվի ծանր դրության մեջ, լուրջ կախվածության մեջ կլինի թուրք խաղացողից, որի հետևում կանգնած է Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները», — ասել է Բաղդասարովը։

Փորձագետի խոսքով՝ Թուրքիան շարունակում է խաղալ մի պետության դեր, որը Ռուսաստանին դուրս է մղում Հարավային Կովկասից՝ ի շահ հավաքական Արևմուտքի: