Հարավային Կովկասում նոր լոգիստիկայի և էներգետիկ հաղորդակցությունների կայունացման գործընթացը դեռևս հեռու է ավարտից. Անդրեյ Արեշև

03 Դեկտեմբերի 2025, 21:53

Քաղաքականություն

Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների սեկտորի կազմակերպած «Հարավային Կովկասի էներգետիկան և տրանսպորտը աշխարհաքաղաքական հեռանկարում» կլոր սեղանի շրջանակներում Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասի տարածաշրջանում Արևմուտքի և Թուրքիայի լոգիստիկ ու էներգետիկ նախագծերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ Ռուսաստանի արձագանքը։

«Կարծում եմ՝ Հարավային Կովկասի, Կովկաս-Կասպյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի նոր լոգիստիկ և էներգետիկ հաղորդակցությունների կայունացման գործընթացները դեռևս հեռու են ավարտից։ Այժմ մենք դիտարկում ենք հակասական գործընթացներ, որոնք մեծապես ունեն քաոսային բնույթ և կապված են աշխարհաքաղաքական փոփոխությունների, արտաքին քաղաքական տեղաշարժերի և տարածաշրջանային հավասարակշռության գլոբալ փոփոխությունների հետ։ Ակնհայտ են տեղաշարժերը, որոնք վերաբերում են Կովկասում Ռուսաստանի ազդեցությանը, և միաժամանակ՝ նոր հեռանկարային նախագծեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր աստիճաններում` սկսած «Թրամփի ճանապարհից» մինչև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վերջին լայնամասշտաբ հայտարարությունները տարածաշրջանի էներգետիկայում լայնածավալ ներդրումների մասին։ Այս ամենը ձևավորում է քաոս և որևէ կայունության ու կանխատեսելիության բացակայություն մոտ ապագայի համար»,- նշել է փորձագետը։

Արեշևի խոսքով՝ Ռուսաստանը ուշադիր հետևելու է տեղի ունեցողին և գնահատելու է նախագծերն իր շահերի և այն մարտահրավերների տեսանկյունից, որոնք Արևմուտքն ու Թուրքիան ստեղծում են Հարավային Կովկասում։ «Օրինակներից մեկը վրաց-ադրբեջանական տարանցման հետ կապված ձևավորված բարդ իրավիճակն է։ Թվում էր, թե Վրաստանն ու Ադրբեջանն այնքան մոտ դաշնակիցներ են, բայց մենք տեսնում ենք լուրջ խափանումներ. բեռնատարները կանգնած են մնում, և այդ խնդիրներն արդեն բարձրացվում են միջպետական մակարդակ։ Իսկ չէ՞ որ սա, թվում էր, Կենտրոնական Ասիայի հիմնական լոգիստիկ միջանցքն էր։

Ելնելով այս օրինակից, կարելի է ենթադրել, որ հայտարարված մյուս նախագծերի իրականացումը նույնպես այդքան հեշտ չի լինի, և հնարավոր են տարբեր տեսակի թաքնված խնդիրներ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, կարծում եմ, մեր երկրում ուշադիր կհետևեն տեղի ունեցողին և կգնահատեն նախագծերը ռուսական շահերի տեսանկյունից, առաջին հերթին՝ տնտեսական, կամ, ընդհակառակը, այն մարտահրավերների տեսանկյունից, որոնք դրանք ստեղծում են Ռուսաստանի համար Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ»,- հայտարարել է Արեշևը։