Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար ևս մեկ կարևոր քայլ է արվել. Գալուզինը`Ալմաթիում ԱԳ նախարարների հանդիպման մասին

05 Հունիսի 2024, 11:22

Քաղաքականություն

Ռուսաստանը դրական է գնահատում մայիսի 10-11-ը Ղազախստանում խաղաղության պայմանագրի մշակման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով հարցին, թե ինչպես է ռուսական կողմը գնահատում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ բանակցությունների արդյունքները և արդյոք Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հետագա փուլերի համար։

«Մենք դրական ենք գնահատում մայիսի 10-11-ը Ղազախստանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի մշակման նպատակով։ Դրա անցկացումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով։ Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է արվել:

Մենք բարձր ենք գնահատում Աստանայի դերը, որը հարթակ ստեղծեց հայ-ադրբեջանական շփումների համար։ Կարևոր է, որ նման հանդիպումները համահունչ լինեն 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, համատեղ սահմանի սահմանազատում և շփումների զարգացում:

Մոսկվան արդեն երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար», — ասել է Գալուզինը։