Հարավային Կովկասը երկրորդ ճակատն է, որն ԱՄՆ-ը բացում է Ռուսաստանի դեմ. Դմիտրի Սուսլով
27 Հունվարի 2024, 15:45
Alpha News-ի ուղիղ եթերում Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը ընդգծել է, որ Ռուսաստանը որոշակի հաճույք է ստանում այն բանից, որ Արևմուտքի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարացել են։
«Հաշվի առնելով, որ ռուս-արևմտյան հարաբերությունները գտնվում են հիբրիդային պատերազմի վիճակում, ապա Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորումը դիտարկում է մեծամասամբ Արևմուտքի հետ իր մրցակցության պրիզմայով։
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վերջերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, որն այժմ պատասխանատու է հետխորհրդային ուղղության համար, ուղիղ տեքստով ասաց, որ Ռուսաստանի տեսանկյունից Հարավային Կովկասը երկրորդ ճակատն է, որը Միացյալ Նահանգները բացում է ՌԴ-ի դեմ: Եվ հենց այս համատեքստում է Մոսկվան դիտարկում Երևանի ընդհանուր արտաքին քաղաքական վերակողմնորոշումը դեպի արևմուտք։
Այժմ Ադրբեջանն ընդգծում է, որ ձգտում է խաղաղության համաձայնագիր ստորագրել մոսկովյան հարթակում։ Թե որքանով է այս իրավիճակը լինելու երկարաժամկետ և մշտական՝ հայտնի չէ։ Ավելի շուտ ոչ մշտական, մեծ մասամբ դա կոնյունկտուրային իրավիճակ է, քանի որ մենք տեսնում ենք, որ Թուրքիայի հարաբերություններն էլ մեկ Արևմուտքի հետ պարբերաբար լարվում են, մեկ հակառակը՝ լավանում։
Հավանաբար նման իրավիճակ կլինի նաև Արևմուտքի հետ Ադրբեջանի հարաբերություններում, բայց քանի որ այսօր Բաքուն հայտարարում է՝ մոսկովյան հարթակն առավել ընդունելի է, ապա Ռուսաստանը պարզապես չի կարող դրանից չօգտվել։ Եվ իհարկե, Ռուսաստանը նույնպես համաձայն է դրա հետ և պնդում է դա։ Բայց այս դեպքում չէի անտեսի երկրորդ խոչընդոտը, որը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցություններին, և չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, քանի դեռ տրանսպորտային հաղորդակցությունների հարցում վերջնական հստակություն չի առաջացել», — նշել է Սուսլովը։