«Հարավկովկասյան երկաթուղին» երկարացրել է Արցախից բռնի տեղահանված հայերի անվճար երթևեկության ակցիան

19 Դեկտեմբերի 2023, 14:24

Հայեր

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2024 թվականի առաջին եռամսյակում երկարացնում է Արցախից բռնի տեղահանված հայերի համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան: Այս մասին հայտնում է ընկերության կայքը։

Ակցիան գործում է ս. թ. սեպտեմբերի 25-ից հետո Հայաստան ժամանած քաղաքացիների համար հոկտեմբերի 1-ից: Գրեթե 3 ամսվա ընթացքում դրանից օգտվել է 3200 քաղաքացի։ Ավելի վաղ նախատեսվում էր ակցիան ավարտել հունվարի 1-ից, սակայն հաշվի առնելով ակցիայի սոցիալական նշանակությունը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ պայմանավորվածությունը, ընկերությունում որոշում է կայացվել այն երկարաձգել ևս 3 ամսով:

Անվճար երթևեկության իրավունքը վերաբերում է ամենօրյա երթևեկության տեղական նշանակության էլեկտրագնացքներին՝ Երևան-Գյումրի-Երևան, Արաքս-Երևան-Արաքս և Երասխ-Երևան-Երասխ: