«Հարցնում էր՝ հիմա որտեղ ենք»․ Վագիֆ Խաչատրյանը դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին

16 Հոկտեմբերի 2023, 17:31

Քաղաքականություն

Շուրջ երեք ամիս Բաքվի բանտում պահվող արցախցի Վագիֆ Խաչատրյանը իր դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է նրա դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը։

«Դատավարությունից հետո ոչ մի նորություն չունենք հայրիկից։ Դատավարությունից մեկ օր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հեռախոսազրույց ենք ունեցել իր հետ։ Նա անհանգիստ էր, մեզանից էր հարցնում, թե հիմա որտեղ ենք, ասաց, որ դատավարություն պետք է լինի, այդքանը»,- ասել է Ծովինար Խաչատրյանը։

Նա նշել է, որ իրենք շարունակում են տարբեր կառույցների դիմել․ «Առայժմ որեւէ մարմնից զանգ կամ լուր չենք ստացել։ Մենք շարունակում ենք դիմել տարբեր կառույցների։ Բոլոր մարմիններն էլ զբաղվում են իր հարցով, բայց դեռ ոչ մի արդյունք չկա»։

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը։ Շինծու գործով «տուժող» է ճանաչվել 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։

Խաչատրյանին առեւանգել էին հուլիսի 29-ին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Նա Հայաստան պետք է տեղափոխվեր սրտի վիրահատության համար: