Հարիսը կոնկրետ պատասխան չտվեց անգամ իրենց կառավարման տարիներին վերաբերող հարցերին. Արթուր Սահակյան
12 Սեպտեմբերի 2024, 11:50
Օրերս ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև առաջին հեռուստաբանավեճը, որը կազմակերպել էր ABC News հեռուստաալիքը։ Թեմայի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել Alpha News-ի մեկնաբան, լրագրող Արթուր Սահակյանը:
«Վերջին ժամանակահատվածում բոլորը սպասում էին Քամալա Հարիս-Դոնալդ Թրամփ առաջին բանավեճին՝ հասկանալու, թե ի վերջո ով ավելի մեծ շանսեր ունի հավակնելու երկրի նախագահի պաշտոնին: Մենք ևս հետևել ենք բանավեճին և առանձնացրել մի քանի թեմա, որոնք կարևորել էր ABC հեռուստաընկերությունը: Ամենակարևորը միգրացիոն քաղաքականությունն է: Ինչպես գիտենք ԱՄՆ-ում տարբեր գնահատականներով 15-25 մլն անօրինական միգրանտներ են եկել Բայդենի և Հարիսի օրոք, և երկրում ավելացել է քրեական հանցագործությունների թիվը: Թրամփը հատուկ շեշտեց այդ հանգամանքն՝ ասելով, որ օրինակ Վենեսուելան իր քրեական հանցագործներին ուղղակի արտահանում է ԱՄՆ և սպառնում, որ չվերադառնան, քանի որ այդ դեպքում նրանց կարող են ուղղակի սպանել: Բոլոր երկրներում քրեական հանցագործների թիվը նվազում է, իսկ ԱՄՆ-ում ավելանում»,- նշել է Արթուր Սահակյանը՝ հավելելով, որ բանավեճի ժամանակ նախագահի թեկնածուները խոսել են նաև Ուկրաինայում և Գազայում ընթացող պատերազմների մասին։
Ընդհանուր առմամբ խոսելով Քամալա Հարիսի պատասխանների և դիրքորոշման մասին՝ նա ընդգծել է.
«Հարիսը որևէ կոնկրետ պատասխան չտվեց թեկուզ այն հարցերին, որոնք վերաբերում են իրենց կառավարման տարիներին: Դրանք վերաբերում են թե՛ տնտեսությանը, թե՛ պատերազմներին, թե՛ միգրացիոն քաղաքականությանը, և նշենք, որ հենց Քամալա Հարիսն էր պատասխանատու սահմանների անվտանգությանը վերաբերող հարցերին, ու հենց նա պետք է այդ բոլոր հարցերի պատասխանը տար: ABC հեռուստաընկերության կողմից հնչեցին այդ հարցերը, բայց կարծես նա նախապես պատրաստվել էր հարձակման, և խոսքը շարադրում էր հետևյալ կերպ՝ «Այդ հարցին կպատասխանեմ, բայց թույլ տվեք նախ անդրադառնալ Թրամփի խոսքին», և ամբողջովին հարձակում էր գործում Թրամփի ուղղությամբ: Պետք է նշել, որ միանշանակ կողմնակալություն կար հեռուստաընկերության կողմից, նույնիսկ կարելի է ասել, որ նախապես պայմանավորվածություն կար: Եվ եթե Թրամփի դեպքում օգտագործում էին նույնիսկ փաստերի ստուգման հարթակը, ապա նույնը չէին անում Հարիսի դեպքում, թեև նա մի քանի անգամ կեղծ տեղեկություններ հաղորդեց Թրամփի մասին»,- եզրափակել է Alpha News-ի մեկնաբանը: