Հարկային օրենսգրքի փոփոխությունները ուղիղ հարված են գերփոքր բիզնեսին. տնտեսագետ Հակոբ Ավագյան

14 Օգոստոսի 2023, 19:51

Տնտեսություն և Բիզնես

2023-ի հունվարի 1-ից և հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի փոփոխությունները վնաս են հասցնում փոքր և գերփոքր բիզնեսին: Առանց այդ էլ՝ խոցելի խմբում գտնվող գործարարները սեփական բիզնեսից հրաժարվելու ռիսկի առջև կկանգնեն: Alpha News-ի հետ զրույցում այս համոզմունքն է հայտնել ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Հակոբ Ավագյանը: Այլևս չի գործում ընտանեկան բիզնեսի համար 2017-ից եղած արտոնությունը, որի համաձայն՝ ընտանիքի անդամներով աշխատելու դեպքում յուրաքանչյուր անձի համար հարկի փոխարեն ընդամենը 5000 դրամ էր վճարվում։ Հարկային օրենսդրության փոփոխությունը յուրաքանչյուր աշխատողի համար պարտավորեցնում է վճարել, առնվազն, նվազագույն աշխատավարձ և 20% եկամտային հարկ: Տնտեսագետի համոզմամբ՝ հավանական է, որ միկրոբիզնեսի ներկայացուցիչները հաշվապահական սխալներ թույլ տան և մեծ տուգանքների առջև կանգնեն:

«Ավելի ազնիվ կլինի, որ քաղաքականություն մշակողներն ասեն, որ Հայաստանում գերփոքր ու փոքր բիզնեսի համար գործող հատուկ հարկման համակարգերը վերացվում են, քան այսպիսի վատթարացնող նորմերով այնպես անեն, որ այդ համակարգում աշխատելն այլևս ձեռնտու չլինի», — կարծիք է հայտնել Հակոբ Ավագյանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ վատթարացնող փոփոխությունները պետություն-մասնավոր հատված երկխոսության ցածր մակարդակի հետևանքն են. որոշումները կայացվում են միակողմանի, չեն տրվում ազդեցության գնահատականներ: Նրա խոսքով՝ եթե մտավախություն կա, որ գերփոքր բիզնեսը այդ համակարգում իր ապրանքաշրջանառության որոշ մասը ստվերում է պահում, ապա սուպերմարկետների ցանցերի հետ համեմատած, դա ընդամենը կաթիլ է ծովում: Հակոբ Ավագյանը հիշեցրել է նաև այն դեպքերը, երբ խոշոր բիզնեսի ոլորտում զեղծարարություններ և չարաշահումներ են բացահայտվել, բայց դրանց արդյունքների վերաբերյալ մինչև հիմա որևէ բացատրություններ չեղան, չգիտենք, թե այդ գործերն ինչ ելք ունեցան:

«Այդ խոշոր բիզնեսները շարունակում են ծաղկել, գրավել շուկաներ և շուկայից դուրս են շպրտում բակային խանութներին ու փոքր արտադրողներին, և այլն: Մինչև մենք հինգ տարի որոշում ենք, որ ինչպես ենք պատժելու անհավասար պայմաններում գործող ընկերություններին, այդ ընթացքում մի քանի գերփոքր բզինես սատկում է»,- նշել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Հակոբ Ավագյանը: