Իրանի նման դաշնակցին կորցնելն ու Թուրքիայի հույսին մնալը ձեռնտու չէ Հայաստանին. Հարութ Արթին Առաքելյան

14 Սեպտեմբերի 2023, 21:40

Կարծիք | Քաղաքականություն

Իրանին մտահոգում է, որ Հայաստանը, Ադրբեջանի հետ դիվանագիտական պասերով, փորձում է նաեւ Իրանին ներքաշել պատերազմի մեջ եւ դրա քողի տակ ցույց է տալիս, թե Իրանը ոչ մի բան չի անում մեզ համար եւ տարածաշրջանում ամրագրում է ՆԱՏՕ-ի ներկայությունը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանն՝ անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցին, որի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Հայաստանի համատեղ զորավարժությունները՝ օտարերկրյա ուժերի ներկայությունն անվանել է «տարածաշրջանում իրավիճակի բարդացման պատճառ»:

«Հայկական կողմն այսօր փորձել է համոզել Իրանին, որ Հայաստանը չի դառնա Իրանի դեմ պատերազմի ինչ-որ հարթակ: Բայց այն բոլոր քայլերը, որն իրականացնում ենք այս ընթացքում, կարելի է ասել՝ դեմ են Իրանի շահերին: Իրանին մտահոգում է, որ Հայաստանը, Ադրբեջանի հետ դիվանագիտական պասերով, փորձում է նաեւ Իրանին ներքաշել պատերամզի մեջ եւ դրա քողի տակ ցույց է տալիս, թե Իրանը ոչ մի բան չի անում մեզ համար եւ տարածաշրջանում ամրագրում է ՆԱՏՕ-ի ներկայությունը: Իսկ դա մտահոգության տեղիք է տալիս թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին, որովհետեւ Արեւմուտքի նպատակն է Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին զսպել եւ ամրապնդել իր խարխլված դիրքերը, ինչի արդյունքում մենք տեսնում ենք նոր աշխարհակարգի ծնունդը»,- ասաց իրանագետը:

Հարութ Արթին Առաքելյանը հույս հայտնեց, որ հայկական կողմն ականջալուր կլինի Իրանին, քանի որ Հայաստանին ձեռնտու չէ Իրանի նման դաշնակցին կորցնելն ու մնալը ՆԱՏՕ-ական Թուրքիայի հույսին:

«Չեմ կարծում, որ Թուրքիան կկարողանա հայ ժողովրդի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, սա պատմական փաստ է»,- շեշտեց իրանագետը:

Անդրադառնալով իրանական Telegram ալիքներում շրջանառվող լուրերին, թե Իրանը զորք է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին, ինչն ի դեպ, հերքում են Իրանի զինված ուժերը, Հարութ Արթին Առաքելյանը շեշտեց, որ այդ կուտակումները նոր չեն: Նա հիշեցրեց, որ 2020 թ. արցախյան պատերազմից հետո Իրանը չի էլ հեռացրել իր զորքն ու տեխնիկան Արցախի հարավային գրավյալ տարածքներից:

«Իրանը ժամանակ առ ժամանակ թարմացնում է տեխնիկան, որն այնտեղ տեղակայված է: Իրանի ԶՈՒ-երի գլխավոր հրամանատարը պարբերաբար գնում է եւ ստուգում զինտեխնիկան ու զորքը: Բնական է, որ Իրանը մտահոգվում է, որովհետեւ Իրանի սահմանին՝ Արցախի հարավային գրավյալ տարածքներում, կուտակված ահաբեկչական խմբավորումներ կան, ինչը կարող է խայծ լինել, որ Իրանն այդտեղից մուտք ունենա, եթե տարածաշրջանում էսկալացիա կամ պատերազմ լինի:

Շատ բնական է, որ Իրանը հիմա պետք է կուտակումներ ունենա, որովհետեւ սա ամենաթեժ կետն է, Իսրայելը ամբողջությամբ տեղակայվում է, Ադրբեջանը, Իրանի հետ սահմանից 3 կմ հեռավորության վրա, օդակայան է տրամադրում Իսրայելին, իսկ ահաբեկիչներն էլ հենց Իսրայելի միջոցով տեղակայված խմբավորումներ են:

Իրանն, իր շահերից ելնելով, պետք է կուտակումներ ունենա, հարկ եղած դեպքում նաեւ գործողությունների անցնի, ինչպես կատարեց Իրաքի Քրդաստանի շրջանում, երբ նույն կերպ ահաբեկիչները կուտակվել էին Իրաքի Քրդստանի շրջանում, որտեղից մտադրություն ունեին հարվածել Իրանին եւ, Իրանը նույնիսկ զբաղված լինելով ներքին հարցերով, 16 օր անդադար հրթիռակոծեց այդ տարածքները եւ ոչնչացրեց ահաբեկիչների՝ մոտ 76 կետ: Դա անելով՝ Իրանը ցույց տվեց, որ հաստատակամ է տարածաշրջանում իր շահերը պաշտպանելուն ու դա վերաբերելու է նաեւ Ադրբեջանի եւ Արցախի հարավային գրավյալ շրջաններում կուտակված ահաբեկչական խմբավորումների բազաներին»,- ասաց իրանագետը: