Հարություն Խաչատրյան․ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրն ու ճանաչված արվեստագետը

09 Հունվարի 2025, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունվարի 9-ը հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Հարություն Խաչատրյանի ծննդյան օրն է:

Հարություն Խաչատրյանը ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, պրոդյուսեր է, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից և տնօրենը։ Նա ՀՀ ժողովրդական արտիստ է, Եվրոպական կինոակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի պետական մրցանակի, արքայազն Կլաուսի հիմնադրամի մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալի, ինչպես նաև Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արվեստի և գրականության շքանշանի ասպետ:

Հարությունը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում։ Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: Մի քանի տարի աշխատել է որպես ռեժիսոր վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումում։ 1989 թվականին դարձել է «Հայֆիլմ» կինոստուդիայում բեմադրող ռեժիսոր։

2004 թվականից գործընկերների հետ դարձել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն:

Խաչատրյանի ֆիլմերը տարբեր միջազգային կինոփառատոններում բազմիցս արժանացել են մրցանակների և պարգևների: 2010 թվականին ռեժիսորն արժանացել է Անկախ կինոգործիչների ամերիկյան դաշինքի Ռոբ Նիլսոնի մրցանակին, իսկ 2022 թվականին՝ «Համագործակցության աստղեր» մրցանակին։

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները ներկայացվել են Թբիլիսիի, Մելբուռնի, Թելուրիդի, Մադրիդի, Մեխիկոյի, Իսրայելի միջազգային կինոփառատոններում, ինչպես նաև ցուցադրվել են փառատոնային ծրագրերից դուրս Իտալիայում և Սլովենիայում:

Հիմա եթերում