Հասարակությունը չափազանց ծանր խնդիր չպետք է դնի Սրբազան շարժման առաջ․ Վիկտոր Սողոմոնյան
30 Օգոստոսի 2024, 21:50
Հասարակությունը չափազանց ծանր խնդիր չպետք է դնի Սրբազան շարժման առաջ, չսպասի, որ վաղը, կամ, օրինակ, սեպտեմբերի 5-ին շարժումը դուրս է գալու փողոց և իշխանություն փոխի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Alpha News-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։
«Հաճախ ասում են՝ իշխանափոխության հազար ճանապարհ կա, ոչ, այդպես չէ։ Իշխանափոխության ճանապարհները 3-4-ն են։ Մարդկությունը դեռ ուրիշ ոչինչ չի հորինել։ Դրանք են՝ խաղաղ իշխանափոխությունը, զինված հեղաշրջումը՝ անտեսելով օրենքները, ընտրություններն են և երբ իշխանությունն ինքն է որոշում խաղաղ ճանապարհով հրաժարական տալ։ Հիմա այս եղած ձևերից զինված հեղաշրջման, բարեբախտաբար, ոչ ոք չի դիմում, քանի որ դա կործանարար ճանապարհ է ցանկացած պետության համար, խաղաղ անհնազանդությունով կարծես թե իշխանությունը չի փոխվում, ընտրություններով մինչև հիմա չի փոխվել, բայց առջևում նորից ընտրություններ են։ Այս տեսանկյունից ես կուզեի մենք՝ որպես հասարակություն, չափազանց ծանր խնդիր չդնենք Սրբազան շարժման առաջ, չսպասենք, որ վաղը, օրինակ, սեպտեմբերի 5-ին կամ 10-ին, կամ հոկտեմբերին Սրբազան շարժումը դուրս է գալու փողոց և իշխանություն փոխի»,- նշեց Սողոմոնյանը։
Նա փոխարենն առաջարկում է հարցին այլ տեսանկյունից նայել, օրինակ, թե ինչ տվեց շարժումը հասարակությանը։
«Շարժումը միավորեց բազմաթիվ մարդկանց, որոնք մերժում են մաքուր քաղաքականությունը, այսինքն՝ նրանք չեն ուզում լինել ընդդիմության, իշխանության, քաղաքական կուսակցությունների կողքին, բայց նրանք պատրաստ են որպես անհատների միավորում հասարակության առողջացմանը ծառայել։ Ըստ իս՝ սա շատ լավ բան է, որը մինչ օրս ոչ մեկին չէր հաջողվել։ Մյուս կողմից շարժման մեջ որոշակի քաղաքական շփոթ կա, այսինքն՝ դրա մասնակիցների տեսակը, քանակը, և տարբեր բևեռների ներկայացուցիչ լինելը փոքր-ինչ շեղում է բուն քաղաքական ուղղվածությունից։ Իմ կարծիքով՝ շարժումը շարունակելու է ալեկոծել հասարակությանը, այն կարևոր դեր է կատարելու և ցույց է տալու, որ հայ ժողովուրդը դեռ ունի իմունիտետ և պատրաստ չէ հլու-հնազանդ ընդունել այն հիվանդությունը, որն ունի, և այն վտանգները, որ պատել են իրեն։ Եվ շարժումը գալու է մի իրավիճակի, երբ որոշակի ինստիտուցիոնալ ձև պետք է ստանա, և դա չպետք է լինի նրա համար, որ մենք այդպես ենք ուզում, այլ նրա համար, որ քաղաքական միջավայրը պահանջում է որոշակի ինստիտուցիոնալիզացիա»,- եզրափակեց Սողոմոնյանը