Հասմիկ Գրիգորյանը Վիեննայի օպերայում կկատարի Տուրանդոտ պարտիան
Դեկտեմբերի 7-22-ը Վիեննայի օպերայում տեղի կունենա Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի պրեմիերան՝ Կլաուս Գուտի բեմադրությամբ: Նոր բեմադրության առաջատար մասերը կկատարեն ականավոր երգիչներ Յոնաս Կաուֆմանը և Հասմիկ Գրիգորյանը:
«Տուրանդոտ» օպերայի հիմնական մասերի կատարողներից պահանջվում է միաժամանակ ամենաբարձր մակարդակի դերասանական և վոկալային վարպետություն։
Սառը գեղեցկուհի Տուրանդոտի դերում հանդես կգա հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը: Երգչուհին մշտապես հանդես է գալիս առաջատար օպերային թատրոնների բեմերում, մասնակցում է Զալցբուրգի և Բայրոյթի և այլ փառատոների բեմադրություններին։
Արքայազն Կալաֆի պարտիայում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Յոնաս Կաուֆմանը՝ համաշխարհային օպերային բեմի ամենապահանջված երգիչներից մեկը:
Հավատարիմ ստրուկ Լիուի դերերգը կկատարի օպերային երգչուհի Քրիստինա Մխիթարյանը: